• 12/02/2022

Սորոսածինների հիստերիայի պատճառը նոր Միությունն է

Սորոսածինների հիստերիայի պատճառը նոր Միությունն է

Հայաստանում շարունակում  են ակտիվորեն քննարկել օրերս Լուկաշենկոյի արած հայտարարությունն այն մասին, թե բացի Միութենական պետությունից, Հայաստանը «տեղ չունի գնալու», քանի որ՝ ոչ մեկին պետք չէ»: Մի կողմից՝ հասկանալի է՝ Լուկաշենկոն իր էքստրավագանտ ոճի մեջ է, որը սովորաբար նաեւ վիրավորական է լինում. համենայնդեպս, դժգոհողներն իրենց վիրավորված են համարում այս խոսքից. «Դուք ինչ է, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսել են, Նիկոլ Վովայիչն է դա տեսել»: Սա Հայաստանում ներկայացվեց, թե Հայաստանը «ոչ մեկին պետք չէ», որը մի փոքր այլ երանգ ունի, եւ «վիրավորվելու առիթը» պատրաստ էր:

ՀԻՍՏԵՐԻԱՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ ՈՉ ԹԵ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ, ԱՅԼ՝ ՄՈՍԿՎԱՅԻՆ

Նաեւ նկատենք, որ դժգոհողների մեջ հատկապես աչքի ընկան ՔՊ-ական պատգամավորները, որոնք երեւի լավ կանեին, որ գլուխները կախեին: Կամ գոնե փորձեն հոդաբաշխ բացատրություն տալ, թե այդ ինչո՞ւ ծպտուն անգամ չեն հանում, երբ Ալիեւն ու Էրդողանը շատ ավելի վատ բաներ են ասում, իսկ իրենց շեֆ Նիկոլը վազում է նրանց հետ «հաշտություն» խաղալու… Չնայած՝ Լուկաշենկոն սխալվում է, Հայաստանը շատերին է պետք: Նախ՝ թուրքին, բայց, պատմության դասը հաշվի առնելով, տարածքը, ոչ թե Հայաստան պետությունը: Բրիտանիա-ԱՄՆ-ին էլ ենք պետք, եւ երեւի ապացուցելու կարիք չկա, որ բացառապես ՆԱՏՕ-ական Թուրքիայի վասալի կարգավիճակով: Այո, Ռուսաստանին էլ ենք պետք, ինչպես որ պետք էինք 100 տարի առաջ, երբ չեղած տեղից Հայաստան պետություն  ստեղծեց, ինչն անժխտելի է: Հասկանալի է, սեփական  շահն ունենալով, հասկանալի է, այս տարածքում ռազմաքաղաքական դիրքեր պահելու համար: Բայց մեկ է, պետք է՝ որպես  պետություն:
Կամ միգուցե ՔՊ-ականները կբացատրե՞ն, թե երբ իրենց իսկ ձեռքով երկիրն էս վիճակին են հասցրել, ո՞ւմ է այն պետք: Ավելին, ո՞ւր կարող է այն գնալ, որ լուծի իր անվտանգային հարցերը: Մինչդեռ իրողությունն աչքներիս առաջ է. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ապահովվում է բացառապես ռուսական բանակի հաշվին: Նույն ՔՊ-ական խունտան, որ հիմա իրեն է կոտորում, պետության անվտանգության ապահովման տեսանելի եւ շոշափելի որեւէ այլ սցենար առաջարկե՞լ է. իհարկե՝ ոչ…
Այլ հարց է, թե ինչու Լուկաշենկոն մտավ այդ էքստրավագանտ ոճի մեջ: «Չար լեզուներն» ասում են, մինչ այս նա մեր իշխանավորներին խնդրել էր ԵԽԽՎ-ում իրեն աջակցել: Սրանք էլ, հասկանալի է,  յուրային սորոսներին դեմ գնալով, հո Լուկաշենկոյին չէի՞ն օգնելու: Եվ նա էլ այսկերպ վրեժ լուծեց:
Սակայն իրականում այս հիստերիան ոչ թե «ոչ մեկին պետք չէ»-ի մասով էր, այլ Լուկաշենկոյի հայտարարության առաջին հատվածի, թե՝ Հայաստանը գնալու մեկ տեղ  ունի, դեպի Միութենական պետություն: Թե ինչու Լուկաշենկոն խոսեց այդ մասին, դա էլ իր պատմությունն ունի: Ըստ միանգամայն արժանահավատ լուրի, երբ անցած անգամ Լուկաշենկոն խոսում էր Միութենական պետության հնարավոր ընդլայնման մասին, տվեց միայն Ուկրաինայի ու Ղազախստանի անունը: Ըստ աղբյուրի, Կրեմլից նրան բավականին կոշտ դիտողություն են արել, թե դու չես որոշողը, կամ եթե դա լեզվի սայթաքում էր, ուղղիր: Ու Լուկաշենկոյին մնում էր, որ նոր Միության կազմ «բերեր» նաեւ այլ հետխորհրդային երկրների՝ որպես վրեժ ցցելով Հայաստանի «ոչ մեկին պետք չէ»-ն:
Հենց այս նրբերանգն էլ հիստերիա է առաջ բերել կարկառուն արեւմտամոլների մոտ, որի «փոխանցիկ յոթագույն դրոշը» ՔՊ-ական պատգամավորներից արագորեն փոխանցվեց նախօրեին Բելառուսի դեսպանատան դիմաց ցույցի դուրս եկած «ծռական մատոռով» «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կոչված կառույցին: Ընդ  որում, թե ինչպես էին ընդգծված հարգանքով նրանց վերաբերվում այլ հավաքների ժամանակ «մարդ ուտող մենթերը», եկավ եւս  մեկ անգամ հուշելու, թե իրականում որտեղ են նման ակցիաների արմատները: Նաեւ, որ իրականում այս ամբողջ աղմուկն ուղղված է ոչ թե Լուկաշենկոյին, այլ՝ Մոսկվային, ինչը պարզ ցույց տվեցին այդ հավաքի լոզունգները, որոնցում Լուկաշենկոյին մոռանալով, մեղադում էին ՀԱՊԿ-ին եւ Մոսկվային:

ԻՆՉՈՒ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՏՈՐՈՒՄ

Ասենք, Մոսկվային «կծելու» իմաստը հասկանալ կարելի է: Նախ, ի՞նչ ասաց Լուկաշենկոն. այն, ինչը, շնորհիվ մեր խունտայի, Հայաստանում ողջ ժողովուրդն է օրը մի տաս անգամ ասում՝ ում է պետք նման խղճուկ Հայաստանը: Եվ եթե այս հանգամանքը հանում ենք Լուկաշենկոյի խոսքից, ապա դրա տակ մնում է բուն փաստը: Այն է, Մոսկվան, թեկուզեւ Լուկաշենկոյի շուրթերով, բայց ավելի ակտիվորեն է սկսում կուլուարներից նաեւ հրապարակային հարթություն բերել նոր Միության թեման: Ու դա հաստատեց նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, ով մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասաց՝ Միութենական պետությունը փակ կառույց չէ, եւ չի բացառվում այլ երկրների միացումը:
Իսկ ահա մեր արեւմտամոլները լավ հասկանում են, որ չնայած տարիների քարոզներին, իրականում Հայաստանի ժողովրդի մոտ ՌԴ-ի հետ Միության մեջ մտնելը ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից դրական է ընդունվելու: Անգամ այն մասսայի կողմից, որն իրեն «ռսին չսիրող» է համարում, սակայն պարզ գիտակցում է այն ճշմարտությունը, որը ներկայացրեց Լուկաշենկոն՝ գնալու տեղ իրոք չունենք, եթե ցանկանում ենք մեր հողի վրա ապրել՝ որպես այդ հողի տեր ժողովուրդ: Ընդ որում, ժողովրդի էական մասը նոր Միությանը նայում է ոչ թե որպես անվտանգության առումով պարտադրանք, այլ մեզ համար միանգամայն ցանկալի գործընթաց, որն անվտանգությունից զատ նաեւ զարգացում կապահովի: Իսկ մի մասն էլ նաեւ նոր Միության հետ է կապում Արցախի հայկական մնալու միակ հնարավորությունը:
Ավելին, մեր տվյալներով, նույն կարկառուն արեւմտամոլները նաեւ ունեն ուսումնասիրություններ, որ բավական է նոր Միության թեման մտնի լայն հրապարակային օրակարգ, այն դառնա տեսանելի հեռանկար, որ դրա ջատագովների թիվը սկսի ավելանալ ձնագնդի էֆեկտով՝ հասնելով բնակչության նույնիսկ 90 եւ ավել տոկոսի: Այսինքն, դա մի գաղափար է, որը կարող է Հայաստանի բզկտված հանրության համար ցեմենտացման ազդեցություն թողնել, որից սպասվող հետեւանքները խունտայի մղձավանջն է:  Իսկ այդ դեպքում ի՞նչ կմնա անել մեր սորոսածիններին. ի դեպ, «չար լեզուներն» ասում են, որ նրանցից ամենատեղեկացվածներն արդեն «տագնապային չամադանն» են պատրաստել, որ պետք եղած պահին արագորեն «թռնեն»:

«ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

Սակայն միայն նոր Միության թեման դեռ լիովին չի բացատրում հայաստանյան սորոսածիններին իջեցված «պետպատվերի» իրական իմաստը: Պատկերն էլ ավելի պարզ  է դարձնում հայտարարությունը, որով նախօրեին հանդես եկավ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նրա  խոսքով. «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների էական կուտակում, ռազմական ենթակառուցվածքի զարգացում սահմանակից տարածքներում…»: Իսկ դա, ըստ Զասի, լուրջ վտանգ է ՀԱՊԿ-ի համար, եւ ընթանում են դրա  դեմ անհրաժեշտության դեպքում պատասխան տալուն միտված ակտիվ աշխատանքներ: «Մենք պետք է հնարավորություն ունենանք արագորեն եւ արդյունավետորեն կիրառելու առկա ներուժը ցանկացած պայմաններում եւ մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում», խոսքն ամփոփեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:
Այսինքն, երբ սրվում են ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հարաբերությունները,  ինչը, ի դեպ, ԱՄՆ-ին ներկայացված ռուսական հայտնի վերջնագրից եւ ՌԴ-Չինաստան օրերս ընդունած համատեղ հայտարարությունից հետո միանգամայն տրամաբանական զարգացում է, ապա դա փաստի առաջ  է կանգնեցնում Հայաստանի իշխանության ղեկին նստածներին: Այսինքն, սա հենց այն ջրբաժանն է, որը պետք է հստակորեն ֆիքսի նաեւ Հայաստանի դիրքը. այն ՀԱՊԿ-ի հե՞տ է, թե արեւմտյան տիկնիկավարների խաղալիքի դերում: Միայն թե, մեր խունտան ռուսների «գլխից թռնելու» տարբերակ չունի, քանի դեռ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ապահովում է ռուսական բանակը: Այսինքն, այդ գերխնդիրը լուծելու համար պետք է արագորեն լուծեն ինչպես արցախյան, այնպես էլ՝ հայ-թուրքական «հաշտեցման» թեման:
Այդ տեսանկյունից, թերեւս պատահական չէր, որ Նիկոլը Մակրոնի եւ Ալիեւի հետ ունեցած վերջին տեսակապից հետո եւս, այս անգամ արդեն ԱԺ ամբիոնից սկսեց առաջ տանել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի թեման. «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը եւ համապատասխան փաստաթղթով արձանագրելը մեր եւ, ընդ որում, բոլոր կառավարությունների նպատակն է եղել: Բուն ղարաբաղյան բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է եղել, եւ դա արձանագրված է բոլոր փաստաթղթերում…»: Հասկանալի է, էլի իր «շուստրիությամբ» փորձում է արդարանալ, թե բա այսքան ժամանակ էլ ինչի՞ համար էինք բանակցում, եթե ոչ խաղաղության պայմանագրի: Միայն թե նման մոտեցման տակ եղած իրական իմաստը դժվար չէ տեսնել: Նախ, 30 տարի իրոք բանակցային գործընթացի հիմքում եղել է խաղաղության պայմանագիրը, միայն թե հայկական կողմը ներկայացրել է հստակ պայման՝ Արցախը  ոչ մի դեպքում չի կարող Ադրբեջանի կազմում լինել: Իսկ ի՞նչ ասաց Նիկոլն ընդամենը ամիսուկես առաջ. Արցախը ոչ մի  դեպքում չի կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել: Եվ եթե ուզում է դրանից ելնելով «խաղաղության պայմանագիր» կնքել, ապա դա մեկ բան է նշանակում՝ ստեղծել իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է պահանջել Մոսկվայից՝ կա խաղաղության պայմանագիր, ուրեմն զորքերդ հեռացրու: Ավելին, Նիկոլը նաեւ թուրքական ուղղությամբ է նույն գործընթացի մեջ: Իսկ ահա ԱԳՆ-ի «Օմեգան» ցույց տվեց, թե ինչքան են շտապում՝ ասելով՝ «Մենք հույս ունենք, որ այս անգամ արդեն առարկայական քննարկումներ կսկսվեն երկու հատուկ ներկայացուցիչների միջեւ, քննարկումներ՝ ՀՀ-Թուրքիա սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը վերաբերող»: Իսկ այդ դեպքում մեր խունտան եւս կկարողանա դիմել Մոսկվային, թե գիտեք ինչ, ամեն ինչ կարգին է եւ այլեւս ռուսական ռազմաբազայի կարիքը չունենք: Հետո արդեն ՀԱՊԿ-ի կարիքն էլ չեն ունենա, ԵՏՄ-ինն էլ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ