• February 16, 2022

Ուկրաինայում պատերազմն ավարտվեց դեռ չսկսված

Ուկրաինայում պատերազմն ավարտվեց դեռ չսկսված

Եթե հավատանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ապա այս պահին՝ փետրվարի 16-ին Ուկրաինան պետք է պատերազմի մեջ լիներ: Առավել եւս, երբ դա նախօրեին «պեչատեց» նաեւ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, թե՝ «Արդեն հաջորդ 48 ժամում», այսինքն էլի փետրվարի 16-ին Պուտինը կանցնի հարձակման, նաեւ ավելացնելով. «Սա շատ, շատ վտանգավոր եւ բարդ իրավիճակ է: Մենք անդունդի եզրին ենք, բայց դեռ ժամանակ կա, որ նախագահ Պուտինը հետքայլ անի»: «Ամենահամոզիչը» Լոնդոնի հարվածային լրատվամիջոցը՝ «The Sun»-ն էր, որը դեռ երեկ երեկոյան անգամ կոնկրետ ժամ նշեց՝ լույս 16-ի առավոտյան 3-ին:

ԱՅՍՕՐ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

Կարճ ասած, երեկվա դրությամբ մի կողմից՝ Բայդեն-Ջոնսոնի զինակից ուլտրալիբերալ քարոզչամեքենան երեկ կաշվից դուրս էր գալիս՝ համոզելու համար, թե իրոք, ռուսներն ուր որ է, կհարձակվեն, հիմնական հարվածային ստորաբաժանումները դուրս են եկել սահմանին մոտակա կենտրոնացման վայրերից եւ զբաղեցրել հարձակման համար ելման դիրքերը: Բայց մյուս կողմից էլ ԱՄՆ դաշնակիցները, օրինակ, Իտալիայի պետական խորհրդի նախագահ Ֆրանկո Ֆրատինին Ջոնսոնի հայտարարությանը զուգահեռ իր հերթին համոզմունք հայտնեց. «Չեմ կարծում, որ Պուտինը մտածում է Ուկրաինա ռազմական ներխուժման մասին»: Ավելին, մինչեւ իսկ «հարձակման ենթարկվող» Ուկրաինայի ՌԴ պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը երեկ հայտարարեց, որ Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու հիմքեր չկան՝ «ռուսական ներխուժման սպառնալիքի» ֆոնին: «Ռազմական դրություն Է մտցվում ներխուժման դեպքում, ես հույս ունեմ, որ նման ներխուժում տեղի չի ունենա»,- բացատրեց նախարարը:
Իսկ ահա Ռեզնիկովի ղեկավարը՝ նախագահ Զելենսկին, մի փոքր ավելի վաղ էլ ավելի առաջ գնաց՝ հայտարարելով. «Մեզ վախեցնում են մեծ պատերազմով եւ հերթական անգամ նշանակում են ռազմական ներխուժման ամսաթիվ… Մեզ ասում են, որ փետրվարի 16-ը հարձակման օր է լինելու: Մենք այն միասնության օր ենք դարձնելու…»: Սա շատ հետաքրքիր հայտարարություն էր: Այսինքն, Զելենսկին ուզում է ասել, որ իր անդրօվկիանոսյան «թիկունքը»՝ Բայդենը, Ուկրաինային ընդամենը վախեցնո՞ւմ է, թե ռուսներն այսօր կհարձակվեն, վաղը կհարձակվեն: Այսինքն, պաշտոնական Կիեւն այսկերպ պաշտոնական Վաշինգտոնին եւ Լոնդոնին ոչ թե նույնիսկ ստելու, այլ արհեստական լարվածություն ստեղծելու միջոցով պատերազմի մղելու մե՞ջ է մեղադրում:
Ընդ որում, նույն բնույթի մեղադրանք Զելենսկին մեկ օրվա մեջ երկրորդ անգամ էր հնչեցնում: Հիշեցնենք, մինչ այդ անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյը, թե՝ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից: Պրիստայկոյը պատահական ֆիգուրա չէ, ըստ տարբեր աղբյուրների, նա Արեւմուտքի համար Ուկրաինայի ԱԳ նախարարի ամենացանկալի ֆիգուրան է, պարզապես այս խառը իրավիճակում ավելի նպատակահարմար են համարել նրան տեղակայել այնպիսի առանցքային ուղղությունում, ինչպիսին է Լոնդոնը: Արդյունքում, նրա այդ հայտարարությունը վերլուծական դաշտն ընկալեց, որպես անգլոսաքսոնական թեւից հղված մեսիջ, թե պատրաստ են արգելակել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը, սակայն «դեմքը փրկելու» համար նախընտրելի է, որ հենց Կիեւը դրանից հրաժարվի: Առավել եւս, որ այդ «փոխանցումն» անմիջապես ընդունեց Լոնդոնը՝ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպինի շուրթերով հայտարարելով, թե Մեծ Բրիտանիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարմանը, եթե նման որոշում կայացվի Կիեւի կողմից: Եվ ահա, հենց Զելենսկին ուղղակիորեն խոսեց այդ մասին, թե՝ «Ես կարծում եմ, որ այսօր շատ առաջնորդներ մի քիչ ակնարկում են Ուկրաինային, որ կարելի է չբարձրացնել դաշինքին անդամակցելու հարցը: Ինձ թվում է՝ ոչ ոք դա չի թաքցնում»: Կարճ ասած, որ Արեւմուտքն այս անգամ էլ է իրենց «գցում»:
Բայց  երեւի Ուկրաինայի նախագահը հասկանում է, որ այդ դեպքում ինքը պարզապես դառնում է բոլորի համար անպետք եւ ամենաքիչը ստիպված է լքել պաշտոնը: Ուստիեւ, հետեւեց նախագահի գրասենյակի հերքումը, որ Կիեւը չի էլ մտածում հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Զուգահեռաբար, Զելենսկին սկսեց առաջ տանել այն միտքը, թե չի էլ մտածում Բայդենի եւ Ջոնսոնի ասածի պես՝ պատերազմ սկսել: Սա հետեւյալ իմաստն ունի՝ մեզանից այդքան հեշտ չեք պրծնի, բայց նաեւ ձեր խաղը չենք խաղալու, որ ռուսները մեզ ուտելու առիթ չունենան:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՑՈՒԿՑՎԱՆԳԸ

Այսպիսով, կարող է տպավորություն առաջանալ, որ Զելենսկին գտել է մուրճի եւ զնդանի արանքում անվնաս մնալու միջոցը: Մի կողմից, արգելափակում է անգլոսաքսերի պլանները՝ Ուկրաինային ստիպել՝ ՌԴ-ին ներքաշել պատերազմի մեջ, կամ եթե ոչ, ապա ՆԱՏՕ-ից հրաժարվելու պատասխանատվությունը թողնելով Զելենսկու վրա, որը նրա դեմ կհանի ուկրաինական ողջ արեւմտամոլներին, փորձել «դեմքը փրկելով» Մոսկվայի հետ գնալ պայմանավորվածությունների: Իսկ  ահա  Զելենսկին ո°չ պատերազմի է գնում եւ ո°չ էլ՝ սեփական կամքով ՆԱՏՕ-ից է հրաժարվում: Նրա համար, իհարկե, դա հազիվ թե լուծում լինի, քանի որ այս մեծ խաղում Կիեւի կարծիքին այլեւս ուշադրություն դարձնող չկա: Սակայն դա, այնուամենայնիվ, ազդակ է, որ Կիեւ-Արեւմուտք հակասությունները խորանում են, որը Արեւմուտքի համար խնդիր է, եթե գնան «դեմքը փրկելու տարբերակով» նահանջի: Իհարկե, Վաշինգտոնն այս դեպքի համար այլ  գործիքներ էլ ունի. կարող է պարզապես շրջանցելով ուկրաինական բանակին, պրովոկացիոն հարձակման մղել իր վերահսկողության տակ եղած ուկրաինական մանկլավիկներից կազմված գրոհային խմբերին: Սակայն դրանից պատերազմ չի ստացվի. նման ուժերի մի մասն արդեն փախել է Լվով, իսկ մյուս մասի գրոհները, որոնք ներկայումս էլ են լինում, մեծ պատերազմի չեն հասցնում:
Ու մինչ «վաղը՝ պատերազմ» խոստումի գերի դարձած Բայդենն ու Ջոնսոնը այս տեղապտույտով դուրս գալու միջոց կգտնեն, եղավ Մոսկվայի քայլը, որը Արեւմուտքի դիրքերն էլ ավելի ցայտնոտային է դարձնում: Այսպես, փոխանակ իր համար հանգիստ հարձակվի, ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը տարածեց հայտարարություն, թե. «Նախագահ Պուտինը միշտ էլ պնդել է բանակցությունների եւ դիվանագիտության հարցում: Փաստորեն, նա նախաձեռնել է ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների հարցը»,- հայտարարեց Պեսկովը՝ մանրամասնելով, որ Մոսկվան կարող է նաեւ Ուկրաինայի թեմայով բանակցել, բայց դա ՝ «Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների ավելի լուրջ խնդրի միայն մի մասն է»:
Ու միաժամանակ, զգուշացում ստացավ նաեւ Զելենսկին: Այսպես, ըստ ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի՝ Ռուսաստանը կպատասխանի, եթե Ուկրաինան համարձակվի հարձակվել մեր երկրի վրա կամ «սկսի սպանել ռուսներին», այն է՝ Դոնբասի բնակչությանը: Այսինքն, քանի դեռ Զելենսկին հանգիստ տեղը նստած է, չի տրվում վաշինգտոնյան հարձակողական սադրանքներին, կարող է իրեն ապահով համարել: Առավել եւս, որ հարձակվելու փոխարեն, ռուսական զորքերն ուկրաինական սահմանից սկսեցին հետ քաշվել դեպի տեղակայման վայրեր:
Այսպիսով, եթե Զելենսկին այդ խորհրդին հետեւի, Վաշինգտոնի եւ Լոնդոնի համար խայտառակ ֆոն է ստեղծվում. պետության ղեկավարների մակարդակով խոսում են պատերազմից, դեսպանատներն էվակուացնում են, իսկ պատերազմ չկա ու չկա: Ավելին, ստանում են բանակցելու առաջարկ:
Գումարած դրան, Պուտինի՝ բանակցելու պատրաստակամության տակ նաեւ այս իմաստը կա. եթե Արեւմուտքը ցանկանում է հետ քաշվել՝ հրաժարվելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից ու դրանով «դեմքը փրկել», ապա միայն Ուկրաինան բավարար չէ. այն դետալ է եւ պետք է ընդհանրական պայմանավորվածությունների գալ Ռուսաստանի ներկայացրած անվտանգության առաջարկների հետ կապված: Կգնա՞ Արեւմուտքը դրան, ապա դա արդեն ոչ թե նահանջ կընկալվի, այլ՝ փախուստ: Ընդ որում, այս դեպքում նրանց վրա կմնա Ուկրաինային ՆԱՏՕ չվերցնելու մասին հայտարարությունը, որի դեպքում առանց պատերազմի էլ Կիեւին այլ ճանապարհ չի մնա, քան Մոսկվան: Ամեն դեպքում, երեկ Պուտինի կողմից ընդունված կանցլեր Շոլցը վստահեցնում էր, թե ՆԱՏՕ-ի ընդլայնման որեւէ ծրագիր օրակարգում չունեն:
Չի՞ գնա Արեւմուտքն այս քայլերին, ապա պետք է «ռուսական ներխուժման» հաջորդ օրը նշանակի՝ աչքի առաջ ունենալով, որ Զելենսկին անգամ նման սադրանքների նկատմամբ իմունիտետ է ձեռք բերել:
Իսկ եթե Զելենսկին, այնուամենայնիվ, որոշի լսել անգլոսաքսերին եւ անցնել հարձակման, ապա Մոսկվայի այս հերթական բանակցային կոչից հետո էլ ավելի դժվար կլինի նախահարձակի դերում ռուսներին ներկայացնելը: Ընդ  որում, մեծ հարց է, թե Լվով փախչող իշխանավորներին եւ երկիրը լքող օլիգարխիային տեսնելով, ուկրաինական բանակը կցանկանա՞ ռուսների հետ գոնե տեսքի համար մի քիչ կռվել: Գումարած Պետդումայի երեկվա որոշումը, որը գործնական օրակարգ բերեց Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու գործընթացը:
Այսպիսով, այսօր, վաղը կամ մյուս օրը կլինի՞ պատերազմ, թե՝ ոչ, արդեն էական էլ չէ: Բանն  այն է, որ Ուկրաինայում պատերազմն իրականում արդեն ավարտված է, անկախ կրակոցներ լինել-չլինելուց:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Առնչվող գրառում

Ուկրաինայում զորակոչում են… հանգուցյալներին (Ֆոտո)

Ուկրաինայում զորակոչում են… հանգուցյալներին (Ֆոտո)

Օդեսայի տեղական խմբերում հետաքրքիր նամակագրության է հայտնվել: Այսպես, Օդեսայի բնակիչները սկսել են ի ցույց դնել ծանուցագրեր, որոնցով զորակոչչում են վաղուց մահացած…
Դաժան մարտեր և ուկրաինական ուժերի ծանր կորուստներ. ամփոփում բոլոր ճակատներից

Դաժան մարտեր և ուկրաինական ուժերի ծանր կորուստներ. ամփոփում բոլոր…

Օգոստոսի 10-ի երեկոյան Ուկրաինան ապառազմականացնելու և ապառազմականացնելու հատուկ ռազմական գործողության ընթացքում ռազմաճակատում օրվա փոփոխությունների մասին ամփոփ տեղեկատվություն ռազմական փորձագետ Բորիս Ռոժինից՝…
Աշխարհին Կիևի ռեժիմի հանցագործությունները ցույց տալու ժամանակն է. ԱՄՆ-ում ՌՌԴ դեսպան

Աշխարհին Կիևի ռեժիմի հանցագործությունները ցույց տալու ժամանակն է. ԱՄՆ-ում…

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ցինիկ հայտարարությունը, թե իբր ռուս զինվորականները ականապատում են տարածքներ Ուկրաինայում։ «Ռուսաֆությամբ ամերիկացիները…