• 16/02/2022

Թուրքիան արդեն ստիպված է հետ քաշվել ՌԴ-ի ճանապարհից

Թուրքիան արդեն ստիպված է հետ քաշվել ՌԴ-ի ճանապարհից

Ուկրաինայի իրադարձությունների նման սրման ֆոնին (Տես նաեւ https://iravunk.com/?p=225230&l=am) այդպես էլ տեղի չունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, որը, ինչպես  ավելի վաղ փոխանցել էին մի շարք առաջատար լրատվամիջոցներ, ծրագրված էր փետրվարի 14-ին: Չնայած, այդ այցը չեղարկված չէ եւ թերեւս տեղի կունենա այն պահին, երբ գլոբալ շիկացումը մի փոքր կմեղմվի. չբացառենք, առաջիկա մեկ-երկու շաբաթներին:
Չնայած, առանց Ուկրաինայի հետ կապված ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների հստակեցման, իմաստը կկորցներ նաեւ թուրքական նման այցը: Իրականությունն այն է, որ Անկարան ողջ աշխարհի պես սպասում է ուկրաինական հանգուցալուծմանը, որը շատ ավելի որոշակի կդարձնի, թե գլոբալ հարթակում աշխարհաքաղաքական դիրքերի ինչ վերաբաշխում է տեղի ունենում, մասնավորապես, ՌԴ-ի դիրքերը կուժեղանա՞ն եւ ի՞նչ չափով, կամ միգուցե կթուլանա՞ն: Եվ, հասկանալի է, թուրքերի հետ Մոսկվայի սպասվող բանակցություններում այդ նրբերանգները ունենալու են վճռորոշ դեր: Ու կարծես թե արդեն Ուկրաինայում որոշակի հստակեցումներ կան: Դատելով առկա ազդակներից, Արեւմուտքը կգնա դիրքային որոշակի զիջումների, որոնք բխում են ռուսական հայտնի վերջնագրից: Թե ինչ անվանում ու տեսք կտան նման  նահանջին, էական չէ: Այս պահի սպասելիքներն այն են, որ դա կբերի ՌԴ-ի դիրքերի զգալի ամրապնդման: Ասենք, նման դիրքային ամրապնդումն արդեն իսկ ընթացքի մեջ է, հաշվի առնելով ուկրաինական այս ողջ աղմուկի ֆոնին քիչ մեկնաբանված նման փաստը: Այն է, Մոսկվան, ըստ էության, չվախեցավ ծայրահեղ սուր հակամարտության մեջ մտնել ոչ միայն ԱՄՆ-ի, այլ գործնականում ողջ ՆԱՏՕ-ի հետ, ընդ որում, նաեւ հստակ կերպով ցույց տալով, որ եթե պարտադրեն, պատրաստ է գնալ նաեւ ռազմական բախման՝ անկախ ակնկալվող մասշտաբներից: Եվ այդ փաստը, իհարկե, հետագայում չի կարող իր հաշվարկներից դուրս թողնել նախ՝ ԱՄՆ-ին, ապա ՆԱՏՕ-ին եւ դրա անդամներին առանձին-առանձին: Ընդ որում, սրան էլ գումարել է պետք, որ Մոսկվան միայն սեփական ուժերի հաշվարկով «քյալլա տվեց» ողջ ՆԱՏՕ-ի հետ, թեեւ կարող էր հաշվարկներում ներառել նաեւ չինական ուժային բաղադրիչը: Բայց փոխարենը, Չինաստանը, որ պատրաստվում է Օլիմպիադայից հետո մի քանի գլոբալ նշանակության հայտարարություններով հանդես գալ, ռուսական այդ ուժային բաղադրիչը, իհարկե, հաշվի կառնի:
Չմոռանանք, Թուրքիան եւս ՆԱՏՕ-ի անդամ է, հզորությամբ՝ երկրորդը: Եվ ահա, Էրդողանն արդեն հենց այս իրողություններից ելնելով, պետք է ընդունի Պուտինին: Այսինքն, եթե մինչ այս ՌԴ-ի հետ հարաբերությունների մի շարք հարցերում Էրդողանն իրենն էր առաջ տանում՝ ցույց տալով, որ թիկունքին ՆԱՏՕ-ունի, հիմա արդեն հենց այդ հարցում է, որ կա իրավիճակի էական փոփոխություն:
Հաջորդը. ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ներկայացրած վերջնագրում Մոսկվան, հիշեցնենք, իր համար «կարմիր գիծ» էր համարել ողջ հետխորհրդային տիրույթը: Իսկ ահա Էրդողանը, անշուշտ, նաեւ ՆԱՏՕ-ի գործոնը հաշվի առնելով, գնաց «Շուշիի համաձայնագրի» վավերացման, որը ենթադրում է Ադրբեջանի հետ գրեթե համատեղ բանակ: Եվ այն, որ դա Մոսկվան կընկալի, որպես հետխորհրդային տիրույթ ոչ միայն Թուրքիայի, այլ՝ ՆԱՏՕ-ի ռազմական մուտք, այն է՝ «կարմիր գծի» խախտում, ենթադրելի է: Հասկանալի է, Թուրքիայի պարագայում ռուսական մոտեցումները այլ ոճի մեջ են ոչ այն կոշտությամբ, որը դրսեւորվեց ԱՄՆ-ի ուղղությամբ՝ հատկապես վերջին օրերին: Բայց դա էլ բան չի փոխում. թեկուզեւ համեմատաբար մեղմ ոճով, սակայն հարավկովկասյան հարթակում աշխարհաքաղաքական վերահսկողության թեման պետք է որ ամենալուրջ կերպով քննարկվի, եւ ներկա իրողությունների պարագայում քիչ հավանական է թվում, որ Էրդողանը նախկին համառությունը կկարողանա դրսեւորել:
Միեւնույն ժամանակ, դժվար չէ նկատել, որ ռուս-ամերիկյան ներկա սրացումներին ուշադրությամբ հետեւում էր նաեւ նիկոլյան թեւը: Եվ այն, որ մեր որոշ իշխանավորներ հազիվ թե աչքաթող արած լինեն, թե ինչու էին իրենց «դրսի պապաները», չնայած մեծ-մեծ հոխորտանքներին, հերթ կանգնել Կրեմլի դիմաց: Նաեւ երեւի կկարողանան հաշվարկել, թե այս նոր իրողություններն ինչ փոփոխություններ են խոստանում թուրք-ազերիական տանդեմի աշխարհաքաղաքական հայացքներում, եւ դա ինչ ազդեցություն է թողնելու ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանի ուղղությամբ: Կարճ ասած,  որ եթե անգամ շատ ցանկանան ինչ-որ բան ծախել թուրքին, կասկածելի է, որ նա կհամարձակվի դա վերցնել:
Մի խոսքով, կարծես սկսում է աստիճանաբար ուրվագծվել նաեւ այն իրավիճակը, որ ներկա գլոբալ փոփոխությունների պարագայում կարձանագրվեն նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում: Բայց ամեն դեպքում սպասենք Պուտինի թուրքական այցին, որոշիչը դա է դառնալու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…