• 18/02/2022

Ուկրաինական շիկացած մթնոլորտը տեղափոխում են մեր տարածաշրջան

Ուկրաինական շիկացած մթնոլորտը տեղափոխում են մեր տարածաշրջան

Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ներկայումս ստեղծված ներկա առնչությունները (տես նաեւ https://iravunk.com/?p=225401&l=am), որոնք էապես տարբերվում են «նախահեղափոխական» ժամանակների իրավիճակից, ամենեւին էլ մեր տարածաշրջանի արդի ամենամեծ բախումային օջախը չեն: Ակնհայտորեն կա շատ ավելի խորքային եւ գլոբալ «հրաբուխ»՝ ռուս-ամերիկյան հակամարտություն անվամբ, որն այս օրերին սկսել է իրեն զգացնել տալ: Ավելին, կարծես թե այն սպառնում է մեծ պայթյունի վերածվել:
Այսպես, վերջին օրերին, երբ սկսեց հասկանալի դառնալ Ուկրաինայի շուրջ պատկերը, Արեւմուտքը առանձնակի ջերմությամբ է սկսել հակվել Ալիեւի հանդեպ, որին, ի դեպ, ավելի վաղ անգամ պաշտոնական որոշակի շրջանակների եւ նրանց սպասարկող լրատվամիջոցների մակարդակով մի գլուխ բռնապետ էին անվանում:
Այսպես, փետրվարի 15-ին, երբ Ուկրաինայում լարվածությունը պիկային փուլում էր, սակայն արդեն տեսանելի էր, թե ուր է գլորվում, Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը: Իհարկե, աբսուրդի է նմանվում, որ այդ թեժ պահին ՆԱՏՕ-ի ղեկավարը հանկարծ հիշել էր Ալիեւին եւ նրա հետ խոսելու ժամանակ գտել: Առավել եւս, որ նույնքան տարօրինակ էր  նաեւ Սթոլթենբերգի մեկնաբանությունը. «Լավ հեռախոսազրույց նախագահ Ալիեւի հետ: Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը եւ Ռուսաստանի ռազմական ներուժի աճը Ուկրաինայում եւ մերձակայքում, ներառյալ էներգակիրների շուկաների վրա ազդեցությունները: Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին՝ գազի մատակարարումների ավելացման եւ Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինելու համար…»:
Ադրբեջանի գազի արտահանումները սահմանափակ հնարավորություններ ունեն, որի մի զգալի մասն էլ Թուրքիայի համար է: Արդյունքում, Եվրոպա հասնում է եվրոպական մասշտաբներով չնչին քանակությամբ ադրբեջանական գազ, որը բավական չէ, որ նա համարվի «Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար», եւ ՆԱՏՕ-ի ղեկավարը նման ճոխ շնորհավորանք հայտներ: Վերջապես, ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, իսկ գազը, ռազմավարական նշանակության ապրանք հանդիսանալով, տնտեսական գործոն է: Եվ պարզ հարց՝ իսկ Սթոլթենբերգն այդ ինչո՞ւ հանկարծ որոշեց գազով զբաղվել:
Եվ ահա, գրեթե անմիջապես էլ թեմայի մեջ մտավ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ դրանով պարզ ցույց տալով, թե իրականում Սթոլթենբերգի թիկունքում ում ականջներն են ցցված: Ըստ դեսպանի. «Ադրբեջանի դերը մեծ է, քանի որ Ռուսաստանն ապակայունացնում Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կրճատելով Եվրոպա գազի մատակարարումը: Ուստի  շատ կարեւոր են գազի մատակարարման դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը: «Հարավային գազային միջանցքը» հնարավորություն ունի երկու անգամ բարձրացնել գազի մատակարարումը, թեեւ դա պահանջում է որոշակի ներդրումներ եւ ժամանակ: Ինչ վերաբերում է «Տրանսկասպյան գազատարին», ապա դա թուրքմենական գազի հսկայական պաշարները ապաշրջափակելու եւ դրանք Եվրոպա բերելու եւս մեկ հնարավորություն է: Դրա համար պետք է ինքնիշխան երկրների որոշումը եւ մասնավոր ընկերությունների ներդրումները»:
Այսպիսով, ԱՄՆ-ն պարզ ակնարկում է, որ ինչքան էլ ՌԴ-ն հետխորհրդային տիրույթը համարում է «կարմիր գիծ», սակայն Վաշինգտոնը դա հաշվի չի առնելու: Իսկ դա նշանակում է, որ եթե Ուկրաինայում ընթանում է որոշակի լիցքաթափման փուլ, ապա ԱՄՆ-ն այս փուլում ՌԴ-ի հետ հիմնական լարումները փորձելու է տեղափոխել հարավկովկասյան տիրույթ: Ընդ որում, առաջին հերթին գործակցելով հենց  Ադրբեջանի հետ, եւ Ալիեւն էլ իր հերթին պարզ ցույց է տալիս, որ պատրաստակամորեն ընդառաջ է գնալու:
Բայց նպատակը միայն Ադրբեջանը չէ: Շարունակելով միտքը, դեսպանը նաեւ հավելեց. «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը նոր լոգիստիկ եւ տրանսպորտային հնարավորություններ կբացի տարածաշրջանում: Սա կարող է նպաստել նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանի կարգավորումն ու կայունությունը օգուտ կբերեն Հարավային Կովկասի բոլոր երկրներին»: Այս գեղեցիկ փաթեթավորման տակ դժվար չէ տեսնել, որ Վաշինգտոնի հիմնական նպատակը Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղղությամբ Ռուսաստանը շրջանցող «Արեւելք-Արեւմուտք» գծի ստեղծումն է: Ավելին, դեսպանը մինչեւ իսկ դրանում ընդգրկվելու կոչ է անում Իրանին, միայն թե կարողանան այդ գիծը կայացնել:
Իհարկե, կարող է տպավորություն առաջանալ, թե մեզ համար ինչ վատ է, կարելի է տարանցիկ երկիր դառնալ եւ փող աշխատել: Բայց երկու հանգամանք աչքաթող չանենք: Նախ, նման գիծը ոչ միայն ապրանքների, այլ նաեւ պանթյուրքիզմի ազատ տեղաշարժին է ծառայելու՝ Հայաստանի վիլայեթացմամբ հանդերձ: Եվ երկրորդը, միգուցե Վաշինգտոնը նաեւ կբացատրի՞, թե այդ սխեմայի դեպքում ինչ է լինելու Արցախի հետ, այնտեղ գոնե մեկ հայ կմնա՞:
Կարճ ասած, առաջարկում են այն, ինչի մասին Բոլթոնը խոսում էր դեռ 44-օրյա պատերազմից առաջ, եւ հետեւանքը տեսանք: Ավելի կոնկրետ, այս մասին ամերիկացիները խոսում են սկսած 1990-ականներից, սակայն էֆեկտը դեռ չկա: Իսկ ներկայումս ամերիկացիներն նաեւ ունեն էապես ուժեղացած ռուսական բանակը Հայաստանից եւ Ադրբեջանից դուրս մղելու խնդիր: Հասկանալի է, կփորձեն դա անել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական «հաշտության» պայմանագրերով, որը կդառնա Հայաստանի պատմության վերջակետը: Բայց ահա Արցախը այդ պայմանագրերից իրեն դուրս դրեց, եւ այդ դեպքում այնտեղ գտնվող ռուսական բանակից ազատվել ուլտրալիբերալներն ու նրանց հետ գործակցող թյուրքական եւ հայաստանյան կատարածուները չեն կարող:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ