Մեր սերունդը պարտավոր է ստեղծել ապահով, ուժեղ, ազնիվ Հայաստան

Մեր սերունդը պարտավոր է ստեղծել ապահով, ուժեղ, ազնիվ Հայաստան

Հայ քաղաքական իրականության մեջ ձեւավորվեց ժողովրդական շարժում` ազգային հստակ գաղափարախոսությամբ: Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր: Կայացավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» ապաքաղաքական շարժան հիմնադիր համագումարը: Ներկա էին տասնյակից ավելի կուսակցությունների ղեկավարներ, բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

ՍԻՄ կուսակցության նախագահ, շարժման կազմկոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ իր ելույթում շեշտեց, որ այս դժվար, խռոված, շփոթված ու տխուր օրերին փորձում են այս ժողովրդական շարժմամբ խավարի մեջ վառել մի ճրագ եւ ասել` ժողովո՛ւրդ, ամեն ինչ կորած չէ:

«Հույսը պետք չէ կորցնել: Որպես հինավուրց ազգ, որն անցել է բազմաթիվ ծանր փորձությունների միջով` մենք ի վիճակի ենք գտնել մեր ճանապարհը, անցնել դրանով եւ հաղթել: Այսօր հավաքվել ենք ոչ թե մեր, այլ` մեր երեխաների եւ թոռների համար: Մեր սերունդը պարտավոր է ստեղծել ապահով, ուժեղ, ազնիվ եւ արդար Հայաստան: Այս շարժումը վերկուսակցական է եւ ապաքաղաքական, որովհետեւ պաշտոններ չենք բաժանում, այստեղ կուսակցություն-կուսակցություն չենք խաղում: Կա մեկ հայ ժողովուրդ` առանց սեւերի եւ սպիտակների, սփյուռքահայի, հայաստանցու եւ այլ տարանջատումների, անկախ նրանից, թե այս պահին ով ինչ կուսակցության մեջ է: Այս միասնությունը պետք է տարածենք եւ թեւածենք ամբողջ Հայաստանով եւ Սփյուռքով», – ընդգծեց Բաբուխանյանը:

ՍԻՄ կուսակցության նախագահն ասաց, որ ձեւավորված շարժումը ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է Ռուսաստանի հետ որակապես շատ ավելի բարձր մակարդակի հարաբերություների մեջ. «Մենք տեսնում ենք ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ` նոր միության ձեւավորման մեջ, որովհետեւ հերթական անգամ Ռուսաստանը եկավ մեզ օգնության եւ ռուս զինվորը կանգնեց մեր զինվորի կողքին: Պետք է հասկանալ, որ հայ ժողովրդի թշնամին քնած չէ եւ ինչ կատարվեց, դեռ էլի է կատարվելու, եթե չգիտակցենք եւ չկանխենք: Թուրքը երբեք չի հաշտվի այն մտքի հետ, որ մեր ժողովուրդը լինի ուժեղ, հզոր, զարգացնի իր տնտեսությունը, մշակույթը, լավ կրթություն տա իր երեխաներին եւ ապրենք մեր գյուղերում եւ քաղաքներում հանգիստ: Ցավոք, մեր սեփական ռեսուրսն այսօր բավարար չէ դիմագրավելու համար հսկայական թուրքական աշխարհին, որն այսօր հարյուր միլիոնից ավելի է, եւ ատամները սրել ու սպասում է մի հարմար պահի, որ նորից շարունակի ցեղասպանությունը: Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները, որոնք անգամ մարդ կոչվելու իրավունք չունեն, այսօր նորից հայտարարում են, որ ուզում են Երեւանը, Սեւանը, Սյունիքը… Մենք սա թույլ չենք տա եւ մեր ժողովուրդի հետ միասին կգտնենք այն ճանապարհը, որտեղ կլինենք ուժեղ, հզոր, ապահով, իսկ այդ ճանապարհը Ռուսաստանի հետ է»:
Հ. Բաբուխանյանը նաեւ շեշտեց, որ կարեւոր է ոչ միայն ապահովությունը, այլ նաեւ մեր քաղաքակրթական զարգացումը, ազգային արժեքները, հայ էությունը, ինքնությունը, ինքնիշխանությունը. «Այսօր մեր երկիրը, ցավոք, ինքնիշխան չէ: Երբ քեզ ղեկավարում են սորոսականները, դու ենթարկվում ես սորոսականներին, ոչ թե մեզ սնուցող աղբյուրներին, որոնք են հայ ազգի ինքնությունը եւ արժեհամակարգը: Մեզ պետք է վերականգնել հայեցի մշակույթը եւ հայեցի կրթությունը, որը փորձում են հանել բուհերից, պետք է պահպանենք եւ ուժեղացնենք ընտանիքը, պահպանենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ոչ ոք չի կարող գալ այստեղ իր սորոսական կեղտոտ ոտքերով եւ փորձել ասել` կինը կին չէ, իսկ տղամարդը տղամարդ չէ: Թող գնան իրենց սեփական հանրությունները քանդեն»:

Անդրադառնալով անկախությունը կորցնելու վերաբերյալ երբեմն հնչող մտահոգություններին` ՍԻՄ կուսակցության նախագահը փարատեց դրանք` պարզաբանելով, որ այն ապագա Հայաստանի տեսլականը, որն ունի այս շարժումը, որեւէ խնդիր չի ունենալու անկախության հետ. «Ընդհակառակը` մենք այսօր անկախ չենք, այլ մեր երկիրը դրսից են կառավարում, ուստի` մեզ պետք է այնպիսի միջավայր, որ ինքնուրույն կառավարվենք եւ պաշտպանենք մեր ինքնիշխանությունը: Ինքս 1990 թվականին եղել եմ Անկախության հռչակագարի հանձնաժողովի անդամ եւ պահանջել եմ, որպեզի ընդունվի այն հռչակագիրը, որն այսօր դարձել է մեր համար  պատմական հպարտության փաստաթուղթ: Իսկ այսօր մեր անկախության մասին հռչակագիրը ոտնահարված է եւ որպեսզի կարողանանք այն վերականգնել, մեզ պետք է նոր միություն` Ռուսաստանի հետ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.