- 15/04/2022
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները բարբաջանք է որակել
ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը www.ilur.am կայքում պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի Ազգային Ժողովում ելույթին, որով նա իր անհամաձայնությունն էր հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։
«Վիգեն Խաչատրյանն Ազգային Ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Այդ առիթով ուզում ենք հիշեցնել հետևյալ փաստերը.
1. Ազգային Ժողովի 1995 թվականի ընտրություններում Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը՝ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ, մաս է կազմել Լ. Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» դաշինքին։ Ո՛չ այդ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նա որևէ առարկություն չի արտահայտել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։
2. Ընտրություններից հետո «Հանրապետություն» խմբակցության առաջադրմամբ նա զբաղեցրել է, նախ՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահի, ապա` նախագահի պաշտոնը, և այդ ընթացքում ևս չի փոխել իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության առնչությամբ։
3. 1996 թվականի նախագահական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության համագումարը ՀՀ Նախագահի թեկնածու է առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ նույնպես անհամաձայնություն չի ունեցել վերջինիս ղարաբաղյան քաղաքականության հետ։
4. 1997 թվականին Վիգեն Խաչատրյանը բացարձակապես չի արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային հոդվածին, ինչը ևս, համաձայնությունից բացի, այլ բան չի կարող նշանակել։
5. 1998 թ. փետրվարին` Առաջին նախագահի հրաժարականից հետո, ի նշան Տեր-Պետրոսյանի նկատմամբ համերաշխության` հրաժարվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Այս ամենը ցույց է տալիս, որ Վիգեն Խաչատրյանի այսօրվա հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ և բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով։
Վերջում ավելորդ չենք համարում վերահրատարակել Վիգեն Խաչատրյանի հոդվածը՝ Հայաստանի Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իր համագումարում թեկնածու առաջադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ելնելով մի քանի կարևոր հանգամանքներից։ Նախ ամենակարևորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես պետության ղեկավար, իր անմիջական գործունեությամբ իրականացնում է մեր կուսակցության դավանանքին հարազատ սկզբունքներ. այն է՝ ազատականություն և ժողովրդավարություն։ Այդ սկզբունքները տարածվում են ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ պետական համակարգի ձևավորման, ե՛ւ ժողովրդավարական համակարգի արմատավորման վրա։ Այսինքն՝ գաղափարապես նա մեզ հարազատ քաղաքական գործիչ է։ Երկրորդը. որը նույնքան կարևոր է՝ անցումային և բարեփոխումների այս շրջանում, հատկապես երբ վերջինս ավարտված չէ, ցանկալի չէ պետության ղեկավարի փոփոխությունը։ Դեռևս շատ խնդիրներ կան, և կարելի է ասել, որ կես ճանապարհին ենք։ Ժամանակ է պետք դրանք վերջնականորեն լուծելու համար։ Այստեղ ինքնանպատակ չէ՝ տեսնել նույն մարդուն պետության ղեկին։ Բայց եթե նախորդ շրջանում նա իրեն լավագույն ձևով է դրսևորել, ապա բնական է, որ փոփոխությունն անցանկալի է։ Մենք գտնում ենք, որ որպես պետության ղեկավար, Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն հիմնականում արդարացրեց։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը որոշակի ճանաչում ստացավ։ Իրականացվեց շատ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Ճիշտ է, հանրապետության ներքին կյանքում կան բազմաթիվ թերություններ, տնտեսական ցածր մակարդակ, ժողովրդի շրջանում դժգոհություններ կենսամակարդակից, բայց մենք տեսանք, որ այս հարցերում ևս պետության ղեկավարը դրսևորեց խոհեմություն, թույլ չտվեց ցնցումներ։ Շատ կարևոր հանգամանք եմ համարում նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի առավել մեծ թե՛ քաղաքական, և թե՛ սոցիալական հենարան, համեմատած մյուս թեկնածուների հետ և բոլորի շահերից բխող փոխզիջումային քաղաքականություն վարելով հանդերձ նա նաև ինքնուրույն գործիչ է, ինչը առավելապես դրսևորվում է վճռական պահերին։ Ընդհանրացնեմ՝ որքան շատ են հաջողությունները, գրեթե նույնքան են նաև չլուծված խնդիրները, թերությունները, անելիքները։ Այդ առումով մենք կարծում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենահարմար թեկնածուն է, որովհետև մենք նրան ավելի շատ նախընտրում ենք ոչ թե կատարած աշխատանքի համար, այլ այն անելիքների համար, որոնք ակնկալվում են նրանից («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 06.09.1996թ., վերահրատարակված «Գիտնականը և Նախագահը. Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ» գրքում, Անտարես-Երևան, 2019, էջ 331-332)»։