• 15/04/2022

Սասունիս անմահանալու լուրը լսելուց անմիջապես հետո ես մահացա, ես շնչում էի, բայց չէի ապրում․ Հերոսածին մայր

Սասունիս անմահանալու լուրը լսելուց անմիջապես հետո ես մահացա, ես շնչում էի, բայց չէի ապրում․ Հերոսածին մայր
<<Մինչև 2016թ ապրիլի մեկը ես երջանիկ մարդ էի, ունեի լիարժեք ընտանիք, սիրված և հարգված կին, մայր և տատիկ էի։ Երբ աշխատանքից տուն էի մտնում և Սասունը տանն էր լինում, ժպիտը դեմքին ընդառաջ էր գալիս, գրկում ինձ, համբյուրում և հարցնում մամ ջան ո՞նց ես (ջանը պարտադիր)։ Ի դեպ մեր տանը սովորույթ էր տանից դուրս գալուց և տուն մտնելուց պետք է գրկեինք միմիանց։ Այդ ժամանակ ես իսկապես շատ երջանիկ էի։ Ապրիլը գլխիվայր շուռ տվեց մեր կյանքը>>,- վերհիշելով երջանիկ օրերը հերոս որդու՝ հաղթանակած հերոս Սասուն Մկրտչյանի հետ, պատմում է հերոսածին մայրը՝ տիկին Նարինեն։
Ապա արցունքները խեղդելով շարունակում․
-Ապրիլի երեքին Սասունիս անմահանալու լուրը լսելուց անմիջապես հետո ես մահացա, ես շնչում էի, բայց չէի ապրում, կարծես վերացած լինեի աշխարհից, շատ դժվար էին անցնում օրերն ու ամիսները, ապրում էի առանց ոչ մի բան հասկանալու, միայն մեծ, շատ մեծ ցավ էի զգում իմ սրտում, սպասում էի, կարոտում էի, գնում էի Եռաբլուր բայց ինձ թվում էր ուր որ է Սասունը կգա Արցախից։ Աննկարագրելի և անբացատրելի դժվար է ու ցավոտ, երբ զավակ ես կորցնում, կարծես քո սիրտը ճաքած լինի ու կաթիլ կաթիլ արյունը հոսի։ Ես հիմա ապրում եմ լրիվ ուրիշ կյանքով, փոխվել են կյանքի արժեքները, գույները սև և մոխրագույն են դարձել։ Սասունը երբ տանն էր մեր տունը լիքն էր, ինքը շատ դրական էր, իր հետ չէիր ձանձրանա, չէիր տխրի, հետաքրքիր էր, քեզ լիքն էիր զգում, իսկ հիմա դատարկ ու սառն են մեր տան պատերը, միայն թոռնիկներս երբ գալիս են, այդ ժամանակ է աշխուժանում մեր տունը։ Հիմա ապրում եմ իմ դստեր և իր բալիկների համար, այս կյանքից ուզում եմ միայն խաղաղություն և առողջություն։
Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան - Պանորամա | Հայաստանի  նորություններ
ՀԻՇԵՑՆԵՆՔ․
Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989 թ.-ին, Երևանում: 10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով:
Վերջին տարիներին Սասունը հանդիսանում էր ֆեդերացիայի անդամ, ինչպես նաև մրցավար և մեկնաբան: 2007-2009 թթ անցել է պարտադիր ժամկետային ծառայության Շամշադինի զորամասում: 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում:
2014 թ.-ից ծառայության է անցել ՀՀ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը:
Պարբերաբար մեկնում էր Արցախ՝ ծառայություն իրականացնելու։ Ապրիլի 1-ին հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից հակառակորդի ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս կանչեցին առաջնագիծ։ Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։
Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից և կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից և հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Խաղաղ ժամանակ Սասունն արժանացել է ՀՀ զինված Ուժերի «Լավագույն զինվոր-մարտիկ» և «Մարտական պատրաստության գործում ունեցած բարձր ցուցանիշների համար» պատվոգրերի: