• 27/04/2022

«Մենք պետք է ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները».ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

«Մենք պետք է ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները».ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

«Իրավունքը» զրուցեց «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ (ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻԱՅԻ) հետ:

Ապրիլի 30-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ եւ Ձեր մասնակցությամբ Երեւանում` Շահումյանի արձանի մոտ, լինելու է համերգային ծրագիր` նվիրված հայռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Այդ մտահղացման մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Մենք պետք է ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները ավելի ու ավելի: Եվ այս երեսուն տարիները եղան այդ հարաբերությունների ապացույցը, որ ինչքան էլ մենք պինդ ենք Ռուսաստանի հետ, պետք է ավելի ամրանանք: Եվ ես ողջունում եմ միջոցառումները, որոնք որ տեղի պետք է ունենան ապրիլի 30-ին` կապված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին:

Դուք էլ եք մասնակցություն ունենալու այդ միջոցառմանը: Ի՞նչ երգեր են հնչելու այդ օրը:

– Կհնչեն հայերեն եւ ռուսերեն երգեր:

Ներկայիս վարչախումբը, ի՞նչ եք կարծում, անո՞ւմ է ամեն ինչ, որպեսզի ամրապնդի հայռուսական հարաբերությունները:

– Հեղափոխության սկզբի տարիները` մինչ պատերազմը, կարծես թե հարաբերությունները լավ չէին Ռուսաստանի հետ, բայց հիմա ոնց հասկացա, իրենք էլ են գիտակցում, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ չեն կարող լինել: Եվ այս վարչախումբը վերջապես հասկացավ, որ պետք է հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդել, զարգացնել:

Ռուսհայկական հարաբերությունների` մշակութային առումով զարգացնելու մասին ի՞նչ կասեք:

– Հայաստանում պետք է լինեն շատ մշակութային միջոցառումներ, գիտական ոլորտում համագործակցություններ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացմանը նպաստող: Օրինակ` պետք է բացվեն ռուսական դպրոցներ, պետք է ռուսական եւ հայկական մշակույթները միաձուլվեն, եւ այդ մշակութային կապերը միջոցառումների տեսքով ներկայացնեն հանրությանը: Քանզի ՀՀ-ում գործում են քաղաքական ուժեր, եւ մարդիկ, անհատներ, որոնք որ սրում են եւ վատ ազդեցություն են ուզում թողնել հայ-ռուսական հարաբերությունների մեջ հանրության շրջանակներում: Եվ դրանից հանրությունը սկսում է լարվել: Եվ այդ խմբավորումները պետք է ուղղակի դադարեցնեն իրենց գործունեությունը: Դա կարող ենք անել միայն մենք ավելի ու ավելի շատ միջոցառումներով` մշակութային, կրթական տարբեր ոլորտներում զարգացնելով հայ-ռուսական հարաբերությունները:

Լինելով «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ` ըստ Ձեզ, շարժումն այսօր ի՞նչ թափ է առնում:

– Որպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ` շատ ուրախ եմ, որ շարժումը գործում է, եւ այնտեղ ընդգրկված են քաղաքական ուժեր` այդ թվում նաեւ «Ազգի ձայնը», եւ դա շատ լավ է: Մենք այսօր միակ շարժումն ենք ՀՀ-ում, որը անում է միջոցառումներ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային եւ դրանով ապացուցում է, որ մենք միայն ու միայն Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի կողմնակիցն ենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ