- 14/10/2022
Ինչի՞ է պատրաստ Էրդողանը հանուն շատ գազի
Չնայած, որպեսզի Նիկոլն ու Ալիեւը կողմնորոշվեն, թե ո՞ր «խաղաղության պայմանագիրն» են ստորագրելու (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=238762&l=am), մեկ էական դետալ եւս կա, որը եւս Աստանայում պետք է հստակ տեսք ստանա: Խոսքն այն մասին է, թե այդ կողմնորոշման հետ կապված ի՞նչ մոտեցում ունի Էրդողանը: Իսկ ահա Էրդողանի մոտեցումն էլ կախված է նրանից, թե որտեղի՞ց ավլի մեծ հանրագումարային սպասելիքներ ունի, ամերիկացիների՞ց, թե՝ ռուսներից:
Հասկանալու համար Էրդողանի հնարավոր կողմնորոշումը, թերեւս նախ պետք է հիշել օրերս նրա հնչեցրած հայտարարությունը: Խոսքն այն հայտարարության մասին է, որով Էրդողանը Թուրքիային դեպի Եվրոպա գազի հոսքի խոշոր կենտրոնակայանի վերածվելու դեր էր վերագրում՝ «տրտնջալով», որ եվրոպացիների ուշքն ու միտքն այս պահին հենց գազի խնդիրն է: Արդեն առիթ ունեցել ենք ընդգծելու, որ առանց ռուսական գազի՝ անհնար է, որ Թուրքիան կարողանա նման դեր ստանձնել, եւ այդ ենթադրության հաստատումը դարձավ նախօրեին՝ Աստանայի գագաթաժողովի շեմին Պուտինի հնչեցրած հայտարարությունը: Ըստ դրա, քանի որ Եվրոպան «Հյուսիսային հոսքի» պայթյուններից հետո ունի ռուսական գազի մատակարարումների խնդիր, ապա այդ դերը կարող է ստանձնել Թուրքիան, եթե այնտեղ «Թուրքական հոսք»-ով գազի մատակարարման հանգույց ստեղծվի: Այսինքն այն, ինչի մասին խոսում էր Էրդողանը:
Ժամանակագրական առումով՝ Էրդողանի, ապա՝ Պուտինի նման հայտարարությունները պայմանավորվածության արդյո՞ւնք էին, թե՞ Էրդողանն առաջարկեց, եւ Պուտինն էլ այդ առաջարկն ընդունեց: Սա դեռ հասկանալ է պետք: Սակայն անկախ դրանից, եթե նման փոխընդունելի ծրագիրն ընդունվի, դա Էրդողանի համար կդառնա գրեթե հավասարազոր գալիք տարվա ընտրությունները հաղթելուն: Այսինքն, սա այն սցենարն է, որն էապես կարող է բարելավել թուրքական ներքին ծայրահեղ ծանր տնտեսական վիճակը: Եվ ոչ միայն. դեպի Եվրոպա գազի մասշտաբային հոսքեր իր ձեռքն առնելու դեպքում Էրդողանը Պուտինի «փոխանցումով» նաեւ եվրոպական գազային, էներգետիկ փրկչի ֆունկցիա է ստանում՝ դրանից բխող միանգամայն հասկանալի քաղաքական հեռանկարներով հանդերձ: Ի դեպ, Գերմանիան դեռ Մերկելի ժամանակներից ուներ նման ծրագրեր, որը ամերիկացիները փորձում էին ձախողել՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման դեմ ամենատարբեր խնդիրները ստեղծելով: Մերկելը դիմադրում էր, նրան փոխարինած Շոլցը, թեեւ արգելակեց «Հյուսիսային հոսք-2»-ը՝ գերմանական արդյունաբերողների «աչքի գրողը» դառնալու գնով, սակայն էլի ի զորու չեղավ մինչեւ վերջ ռուսական գազից հրաժարվել: Մինչեւ, որ «Հյուսիսային հոսքի» երկու ուղիները (բացառությամբ «Հյուսիսային հոսք-2»-ի մեկ գծից) պայթեցնելուց: Դրանից հետո, երբ «պատահաբար» արտահոսք հայտնաբերվեց նաեւ Լեհաստանով Գերմանիա գնացող «Դրուժբա» նավթամուղում, դա վերջնականապես հաստատեց այն տեսությունը, որ Գերմանիայի փոխարեն ԱՄՆ-ն Լեհաստանին է ուզում տեսնել Եվրոպայի էներգետիկ բաշխիչ կենտրոնի եւ դրանով՝ «վերակացուի» դերում:
Բայց ահա Պուտինն այդ դերն առաջարկեց Թուրքիային՝ սպառնալով առհասարակ դադարեցնել մնացած ուղիներով մատակարարումները: Ճիշտ է, «Թուրքական հոսքը» անհրաժեշտ ծավալներին չի բավարարում, սակայն կան մի քանի այլ սխեմաներ (նոր խողովակաշար Սեւ ծովի տակով, Հայաստանի եւ Իրանի ուղղությունները), որոնք կարճ ժամանակամիջոցում Թուրքիային նման ֆունկցիա կարող են տալ:
Կարճ ասած, սա մի առաջարկ է, որից Թուրքիան այս պահից սկսած, առավել եւս՝ տեսանելի ապագայում հսկայական տնտեսական եւ քաղաքական դիվիդենտներ կարող է քաղել: Ու դրա համար պետք է ընդամենը մեկ բան, որ ամերիկացիների ասածով՝ Լեհաստանն այդ ֆունկցիան իրենով չանի:
Այսպիսով, սա իսկական «ձիով քայլ» էր Պուտինի կողմից, կարելի է անգամ «ձիով կրկնակի քայլ» համարել: Այն է՝ մի կողմից Թուրքիայի առաջնորդին ավելորդ անգամ ակնարկում է թուրքական ներքին իրողությունների մասին, նաեւ մատնանշելով դրանցից արագորեն դուրս գալու ելք եւ ապագայի համար տնտեսաքաղաքական մեխանիզմ, որից Էրդողանը, ըստ ամենայնի, շատ կցանկանար չհրաժարվել: Եվ մյուս կողմից էլ մատնանշում է այն հիմնական մրցակցին, ավելին՝ հակառակորդին, որը կանգնած է այդ ուղու առաջ՝ ԱՄՆ-ի հովանավորյալ Լեհաստանին:
Վերջապես, կա նաեւ այս իրավիճակի երրորդ շերտը: Այս օրերին Պուտինը նաեւ ցույց տվեց, որ փայլուն ընկերական հարաբերությունների մեջ է արաբական աշխարհի նավթագազային շեյխերի հետ հետ, որոնք աչքի առաջ հեռու են քաշվում Վաշինգտոնից: Վերջապես, նույն դինամիկայի մեջ է նաեւ ՌԴ-ի եւ Իրանի հարաբերությունները: Դա էրդողանի համար մի կողմից պարզ ազդակ է, թե ողջ իսլամական աշխարհում ինչ տրամադրություններ են, եւ այդ ընդհանուր մթնոլորտից դուրս մնալը նրան կխոստանա այդ աշխարհում «ճեմակ ագռավի» կարգավիճակի հասցնել:
Այսպիսով, այն, որ Էրդողանի համար գնալով նախապատվելի է դառնում ռուսների հետ գոնե լավ հարաբերությունները ունենալու տեսլականը, հուշում է թեկուզեւ այն, որ Էրդողանը սկսել է մի գլուխ քննադատել ԱՄՆ-ի ստեղծած աշխարհակարգը: Ու այս դեպքում նա կցանկանա՞, որ Ադրբեջանը գնա, թեկուզեւ ավելի շահավետ, սակայն ամերիկացիների համար ճանապարհ հարթող «խաղաղության պայմանագրին»: Չնայած, սպասենք Աստանայի այս ամբողջական գործընթացի ավարտին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ