- 24/01/2023
Ահեղ դատաստանի ժամացույցի սլաքները ռեկորդային չափով միջուկային կեսգիշերին մոտ են
Ահեղ դատաստանի ժամացույցի սլաքները 10 վայրկյանով մոտեցվել են «միջուկային կեսգիշերին»՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով։
Այժմ «միջուկային ապոկալիպսիսի կետին» մնացել է 90 վայրկյան։
Doomsday Clock-ը Չիկագոյի համալսարանի կողմից հրապարակված «Ատոմային գիտնականների տեղեկագրի» նախագիծն է: Այն սկսվել է 1947 թվականին ամերիկյան առաջին ատոմային ռումբի ստեղծողների կողմից։ Պարբերաբար ամսագրի շապիկին հրապարակվում է ժամացույցի պատկեր՝ ժամի և րոպեի սլաքներով, որոնք ցույց են տալիս, թե ինչքան է մնացել մինչեւ «միջուկային կեսգիշեր»:
«Աննախադեպ վտանգ». ռուս-ուկրաինական պատերազմը մոտեցրեց հայտնի «Ահեղ դատաստանի օրվա» ժամացույցի սլաքները պատմության մեջ կեսգիշերին իր ամենամոտ արժեքին:
Եվ ամենավատն այն է, որ միջուկային զենք օգտագործելու Ռուսաստանի քողարկված սպառնալիքները աշխարհին հիշեցնում են, որ հակամարտությունների էսկալացիան՝ պատահական, նախագծված կամ սխալ հաշվարկով, սարսափելի ռիսկ է:
«Մենք ապրում ենք աննախադեպ վտանգի ժամանակաշրջանում, և դատաստանի օրվա ժամացույցն արտացոլում է այդ իրականությունը: Կեսգիշերին 90 վայրկյանը ամենամոտ ժամանակն է, որը երբևէ եղել է, և մեր փորձագետները այս փաստին անլուրջ չեն վերաբերվում: ԱՄՆ կառավարությունը, ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները և Ուկրաինան երկխոսության բազմաթիվ ուղիներ ունեն: Մենք խրախուսում ենք ղեկավարներին՝ ամբողջությամբ ուսումնասիրել դրանք բոլորին, որպեսզի հետ շրջեն ժամացույցը», – ասում է բ.գ.թ., Bulletin of the Atomic Scientists-ի նախագահ և գործադիր տնօրեն Ռեյչել Բրոնսոնը:
Վերջին անգամ ժամացույցի սլաքը կեսգիշերից «հեռացել է» 2010 թվականին։ Հետո ժամը 23:54 էր։ Այդ ժամանակվանից սլաքը միայն առաջ է շարժվել, և այս անգամ ֆիքսվել է 23:58:30-ի վրա:
Նույնիսկ Կարիբյան ճգնաժամի օրերին, երբ համարվում էր, որ միջուկային պատերազմն անխուսափելի է, նման ցուցանիշ չարձանագրվեց: