• 24/11/2022

Մենք զգացինք դաշնակցի ուսը. Հայկ Բաբուխանյան

Մենք զգացինք դաշնակցի ուսը. Հայկ Բաբուխանյան

Նոեմբերի 23-ին «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամները՝ հանձնաժողովի նախագահ Սոնա Աղեկյանի գլխավորությամբ,  ողջունի ակցիա էին անցկացրել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ՝ ողջունելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը:

Ցուցարարների պաստառների վրա հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Մեր փրկությունը գալու է Ռուսաստանից» խոսքերն էին: Մեկ այլ պաստառի վրա՝ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի գալուստ Հայաստան, մենք անհամբեր սպասում էինք Ձեզ»։

Շարժման անունից Վ.Պուտինին ուղղված շնորհակալագիր է հանձնել, որում, մասնավորապես, ասվում է. «Շնորհակալ ենք Ձեզ, բարի գալուստ Հայաստան, որտեղ Ձեզ հարգում և գնահատում են»։

Նշենք, որ  Հայստանի քաղաքական շրջանակներից  երեկ դա միակ կազմակերպված գործողությունն էր:

Այս կապակցությամբ  մեկնաբանություն խնդրեցինք ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության » շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանից:

– Ռուսաստանի համար բավական բարդ պատմական պահին Հայաստան են ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նշենք, որ ՌԴ նախագահը  ներկայումս գրեթե երկրից դուրս չի գալիս: Նա նույնիսկ չգնաց մեծ 20-յակի գագաթաժողովին: Իհարկե, սա շատ լուրջ աջակցություն է մեր երկրին հայ ժողովրդի և մեր պետականության համար այս ծանր, օրհասական պահին։ Մենք զգացինք դաշնակցի ուսը։ Եվ դա հենց այն դեպքում, երբ մեր հասցեին անթաքույց սպառնալիքներ են հնչում»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց  մեր զրուցակիցը։

-Ցավոք, դրսից վերահսկվող և օտար, հակահայկական շահեր սպասարկող որոշ ուժեր փորձեցին տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կան հզոր հակառուսական ուժեր, բայց ստացան հակառակ էֆեկտը` արեւմտյան շահերի համար մի բուռ «կռվողներ»: Ակնհայտ է, որ իշխանական շրջանակները իրենց աջակցում են։ Բայց Հայաստանում մարդիկ բարեկամներին հիանալի տարբերում են ստահակներից։ Այս օրերին շատերը` նույնիսկ մեզ համար անծանոթ մարդիկ, խնդրում են ողջույնի և երախտագիտության խոսքեր փոխանցել Ռուսաստանին և նրա նախագահին։ Ուստի մեր Շարժման պատվիրակությունը ուղարկեցինք շնորհակալական և ողջույնի նամակ հղելու։

Ինչ վերաբերում է բուն գագաթնաժողովի արդյունքներին, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտում է օգնել Հայաստանին, ակնհայտ է նաև, որ Հայաստանի ղեկավարությունը շահարկում է այն ոչ միանշանակ ու բարդ իրավիճակը, որում պետք է առաջ շարժվի ՀԱՊԿ-ը։ Պարզ է, թե ում եւ ինչի համար է դա արվում։ Բայց երբ նույնիսկ Հայաստանին Ռուսաստանի բացահայտ աջակցության երեկվա ցուցադրությունից, Արցախի հարցի վերաբերյալ հնչած զուսպ լավատեսական կանխատեսումներից հետո Հայաստանի ղեկավար անձինք շարունակում են շահարկումները, թե «ինչու՞ է մեզ պետք ՀԱՊԿ»-ը չարչրկված թեմայուվ, ապա ակնհայտ է, որ այս տխրահռչակ «արիայի» կատարողները ունեն հստակ սահմանված պատվեր և ողջ պատասխանատվությունը այդ անհեռատես գործողությունների  հետևանքների համար ընկնելու է նրա կատարողների վրա:

Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ թե՛ անձամբ Նիկոլի, թե՛ Հայաստանի այլ ղեկավար պաշտոններ զբաղեցնողների դիրքորոշումը ՀԱՊԿ-ի եւ հայ-ռուսական փոխհարաբերությունների հարցում  շարունակում է մնալ ոչ կառուցողական ու քայքայիչ: Վերջապես այն մարդիկ,  ովքեր երեկ փորձում էին ապակայունացնել իրավիճակը գռեհիկ հակառուսական  գործողություններով, հանդիասանում են Նիկոլի մտերիմ համախոհները եւ Նիկոլի կողմից նշանակաված են մի շարք առանցքային պաշտոնների: Այստեղից էլ հարց է ծագում, եթե Նիկոլը իսկապես տրամադրված է զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները, ապա ինչո՞ւ են բացահայտ հակառուս անձինք  շարունակում զբաղեցնել պետական եւ  հանրային  կարեւորագույն դիրքեր, որոնք  նրանց տրամադրել է հենց Նիկոլը,- ամփոփելով իր խոսքը ասաց Հ.Բաբուխանյանը։

Սեփ. ինֆ.