- 08/02/2023
ՀԱՊԿ-Ը եվրոպական «խաղաղապահներով» փոխարինելու շանսերը մեծ չեն
Կարճ ասած, որ ՀԱՊԿ-ին դիմելու եւ հետո խաղաղապահներին Հայաստանի սահմաններ չթողնելու այս ամբողջ պատմության իրական իմաստը ոչ թե Դաշինքից օգնություն ստանալն էր (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248238&l=am), այլ քարոզչական տրյուկ սարքելը, թե, տեսեք, դիմեցինք, բայց չօգնեցին, դեռ անցած տարվա սեպտեմբերին էր հասկանալի: Իսկ դրան հաջորդած եւ դեռ շարունակվող իրադարձությունները միայն ավելի են հաստատում դա: Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ «ռուսները չօգնեցին» այդ խաղի երկրորդ բաղադրիչն էլ պետք է դառնար եվրոպական կոնտինգենտի տեղակայումը, թե, տեսեք, «Արեւմուտքը օգնեց»: Միայն թե այդ խաղը բավական թերի էր: Նախ, այդ Արեւմուտքը, այն է՝ եվրոպական ինչ-որ անհասկանալի առաքելություն երկու ամիս Հայաստանի սահմաններին չգիտես ինչ էր անում եւ վերջում թողեց-փախավ, հենց որ Լաչինը շրջափակվեց: Ու անմիջապես էլ նոր խաղ սկսվեց, ըստ որի՝ եվրոպացիները հիմա էլ ուզում են Լաչինի միջանցքը «փրկել»: Ու դա հասկանալի է. Հայաստանի սահմաններին կանգնելը ինչ-որ բան Եվրոպային չի տալիս, պետք է Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերցնել: Եվ այն, որ միջանցքը փակելն ու այս վիճակը ստեղծելը այդ խաղի բաղադրիչներից էր, դա էլ դժվար չէ հասկանալ, նաեւ հաշվի առնելով, թե այս ամենի հետեւում ինչպես է ցցված Mi-6-ի «ականջները»: Բայց դա էլ կարծես թե չի ստացվում: Լաչինի միջանցք մտնել ռուսները չեն թողնում, իսկ ռուսական կոնտինգենտին հեռանալու պահանջ ոչ թե նույնիսկ Նիկոլը, այլ նաեւ Ալիեւը չի կարող ներկայացնել:
Ճիշտ է, Միրզոյան Արարատը վերջին ժամանակներս հաճախ է բրյուսելներ եւ բեռլիններ վազում՝ «ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման», «Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության մարտահրավերների», «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի» եւ այլ հարցեր քննարկելու համար, թեեւ այդ բոլոր հարցերին խառնվելու որեւէ մանդատ ԵՄ-ն, առավել եւս՝ Գերմանիան, չունեն: Բայց էլի անհասկանալի է մնում, թե ի՞նչ կարող են մոգոնել, որ Լաչինի միջանցքում եվրոպական կոնտինգենտ տեղակայեն: Այն նույն Եվրոպայի, որ, կրկնենք, ի տարբերություն ռուսների, Ալմա-Աթայի հռչակագրով հայ-ադրբեջանական հարցերը լուծելու ոչ թե կողմնակիցը, այլ՝ նախաձեռնողն է: Ու երբ Լաչինի միջանցքն էլ հանկարծ կարողանան վերահսկողության տակ առնել, հետեւանքը դառնում է միանշանակ:
Ամբողջ հարցն այն է, թե Հայաստան-Արցախ ուղղությամբ դիրքավորվելու արեւմտյան շանսերը իրատեսական կարո՞ղ են դառնալ: Հաշվի առնելով, որ, իհարկե, կարող են երկու-երեք հարյուր եվրոպացի դիտորդների ուղարկել, սակայն դա խնդրի լուծում չէ: Պետք է որոշակի ռազմական ուժ, հաշվի առնելով, որ միայն ռուսներին հեռացնելը չէ, որ կտա անհրաժեշտ էֆեկտը: Կա նաեւ Իրանի գործոնը, եւ Թեհրանը ներկայումս, էլ ավելի քան նախկինում, պարզ հասկանում է, որ նման իրավիճակում իր դեմ ռազմական արշավ, այն էլ՝ արեւմտյան մի ամբողջ կոալիցիայի ներգրավմամբ, դառնալու է անխուսափելի: Առավել եւս, որ ըստ տարբեր աղբյուրների, ԱՄՆ-ն արդեն իսկ նախաձեռնել է նման կոալիցիայի ստեղծման գործընթաց, եւ թող տարօրինակ չթվա, սակայն ներկա հիմնական քննարկումներն ընթանում են Իսրայելի եւ Նիկոլի կողմից ջերմորեն սիրված Ֆրանսիայի միջեւ: Ու պատկերն էլ ավելի է ամբողջանում, երբ հիշում ենք, որ «պատահականորեն» հենց նույն Ֆրանսիան՝ Մակրոնն էր, որ կատարում էր «Բրյուսելի ձեւաչափով» Արցախն Ադրբեջանին հանձնելու եւ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիր» կնքելու խաղի միջնորդի դերը:
Միայն թե ամբողջ խնդիրն այն է, որ, հաշվի առնելով նաեւ Իրանի ռազմական պոտենցիալը, առանց Թուրքիայի ուղղակի մասնակցության այդ գլոբալ ծրագիրն առաջ տանել հնարավոր չէ: Իսկ Թուրքիան ակնհայտորեն դեռ սպասումների մեջ է, կապված ինչպես առաջիկա նախագահական ընտրությունների, այնպես էլ Ուկրաինայում պատերազմի հետագա ընթացքի հետ:
Չնայած, երեկվա երկրաշարժն էլ իր հերթին, անշուշտ, իր ուղղումները կմտցնի ռազմաքաղաքական ներկա իրողությունների մեջ: Թուրքիայում մեծ ավերածություններ են, որը հավելյալ ճնշումներ առաջ կբերի Էրդողանի վրա: Էլ ավելի մեծ ավերածություններ են Սիրիայում: Սակայն մեկ նյուանս եւս. էպիկենտրոնը թուրք-սիրիական սահմանի այն հատվածում է, որտեղ սիրիական տարածքում, թուրքական վերահսկողության գոտին է: Այսինքն, թեեւ պաշտոնապես համարվում է, որ Սիրիայում մեծ ավերածություններ են, սակայն հիմնական հարվածը բաժին է հասել այն գոտուն, որտեղ Թուրքիայի կողմից կառավարվող ուժերն են: Եվ այս հանգամանքը նորից ազդելու է Էրդողանի ռազմական պոտենցիալի վրա: Արդյունքում, թեեւ Էրդողանն առանց այդ էլ ամեն կերպ ցույց էր տալիս, որ չի պատրաստվում մտնել ռուս-իրանական ուղղությամբ հակամարտության մեջ, ապա հիմա երկրաշարժը պետք է որ էլ ավելի ամրապնդի նրա այդ մոտեցումը:
Արդյունքում, կարծես թե ՀԱՊԿ-ին եվրոպացի «խաղաղապահներով» փոխարինելու շանսերը, մեղմ ասած, մեծ չեն: Այն առումով, որ այդպես էլ տեսանելի չի դառնում այն ռազմական պոտենցիալը, որի վրա կարող են հենվել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ