- 11/03/2022
Նիկոլը մինչեւ տարեվերջ կկնքի «խաղաղության պայմանագիրը»
Հայաստան-Արցախ ուղղությամբ եւս վերջին օրերին իրավիճակն աստիճանաբար լարվում է: Ընդ որում, ինչպես եւ սպասվում էր, այդ լարվածությունը թողած եւ չգիտես ինչի համար Փարիզ մեկնած Նիկոլը վերադառնալով, միանգամայն հանգիստ ընդունեց փաստը, որ ազերիներն անցել են զանգվածաբար ականանետեր կիրառելուն: «Այս պահին սակայն ես որեւէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու եւ կարգավորելու ուղղությամբ…»:
Նախ, տեսնես կգա՞ այն օրը, երբ Նիկոլից գոնե մեկ անգամ առանցքային հարցերի մասին հստակ գնահատական կլինի: Ոչ թե՝ «Արցախը Հայաստան է եւ՝ վերջ», կամ՝ նախկիններն են մեղավոր, լավ չէին բանակցում, այլ այնպիսի գնահատական, որը կլսենք եւ կհասկանանք, թե ինչ է ուզում ասել: Սա՝ իմիջիայլոց, քանի որ առանց այդ էլ Նիկոլից գնահատական, առավել եւս,՝ կոնկրետ քայլերի ուղեցույց չէինք սպասում: Սակայն նրա հայտարարության մեջ մեկ այլ, այս անգամ արդեն հետաքրքիր դրվագ կա: Թե ինչպես են «աշխատում» Արցախի հետ, դա չէ, այստեղ էլ ավելորդ պատրանքներ չունենք: Խոսքն այն մասին է, թե այդ ո՞ր «միջազգային գործընկերներին» նա իր խոսքում նկատի ունի:
Ֆրանսիայից է եկել, Մակրոնին եւ Շառլ Միշելին է հանդիպել, երեւի նրա՞նց: Սակայն այստեղ տեղին է ընդգծել նախօրեին նույն Ֆրանսիայի հայաստանյան դեսպան Անն Լույոյի հայտարարությունը, թե. «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով»: Կարճ ասած, այս պահին ՄԽ-ն պարապուրդի է մատնված, եւ եթե Նիկոլն այս կառույցին եւ, մասնավորապես՝ դրա անդամ Ֆրանսիային նկատի ունի՝ «միջազգային գործընկերների հետ աշխատում ենք» ասելով, ապա նշանակում է, որ ոչ մի բան էլ չի արվում: Ու չի արվելու, քանի որ Ադրբեջանը ականանետերով կրակում է Արցախի բնակչության վրա, Ուկրաինայի հարցով վայնասուն սարքած Արեւմուտքի ծպտունն անգամ այս փաստի առնչությամբ, ինչպես միշտ, չի լսվում, իսկ Ֆրանսիան էլ, ի դեմս իր հայաստանյան դեսպանի, այն մտքին է, թե միակ միջոցը «երկխոսություն ապահովելն» է: Այն դեպքում, երբ 2020թ.-ի նոյեմբերից մի գլուխ երկխոսում են, տարբեր ձեւաչափերով եռախոսում, իսկ Ալիեւը տուն դառնալով՝ սկսում է էլի կրակել:
Մի խոսքով, Նիկոլից լիովին հույսներս կտրելով, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ՝ այս անգամ Ալիեւն ինչո՞ւ է կրակում: Կարծես թե իր համար վիճակը վատ չէ. Հայաստանը նախ՝ Նիկոլի, օրերս էլ՝ ԱԳ նախարարության մակարդակով հայտարարեց, թե իր միակ ուզածը «խաղաղության պայմանագիրն» է, այն, ինչ պահանջում է Ալիեւը:
Երկու վարկած կա: Առաջինը, որ Բաքուն այս խառը օրերին պարզապես փորձում է ստուգել, թե որքանով է Մոսկվայի ուշադրությունն արցախյան ուղղությամբ պահպանվում:
Սակայն ավելի հավանական է երկրորդը, ըստ որի՝ Ալիեւը, որ նոր է վավերացրել ՌԴ-ի «Դաշնակցային համագործակցության մասին» հռչակագիրը, հիմա փորձում է դրա ներադրբեջանական աղմուկը մերժել Արցախում սրացումների հաշվին: Բանն այն է, որ այդ հռչակագրին դեմ է ադրբեջանական թուրքամետ հատվածը, այն ենթադրությամբ, որ այդ փաստաթուղթը ոչ միայն Բաքվին մոսկովյան տիրույթ է տանում, այլ նաեւ դրանով ռուսական փաստացի վերահսկողության տակ է պահում Արցախը: Ու, թերեւս, այդ պնդումները ռեալ են, եւ արդյունքում, Ալիեւին այս պահին պետք է ցույց տալ, որ մասնավորապես Արցախում ինքը ռուսական զորքից չի վախենում:
Մյուս կողմից, Մոսկվա մեկնելու մասին խոսեց նաեւ Նիկոլը, թե՝ «Պետք է ամեն ինչ անել, որ այդ այցը բարձր մակարդակով ու հարուստ բովանդակությամբ ընթանա»: Դա էլ կարելի է հասկանալ: Նախ, պետք է Մոսկվային ցույց տալ, որ Մակրոնին այցելելը որեւէ բան չի փոխում: Եվ երկրորդը. կան խոսակցություններ, որ Մոսկվայում Նիկոլի առաջ եւս ստորագրման փաստաթուղթ է դրվելու, ու պետք է ձեւ տալ, որ դա Նիկոլի սրտովն է: Չնայած, ըստ նախնական խոսակցությունների, այդ փաստաթուղթը եւս լուծում է Արցախի «կարգավիճակի» հարցը ու նույն իմաստով, ինչ Ադրբեջանի պարագայում է: Նաեւ, որ դա կարող է դեպի նոր Միություն գնալու հարցում առանցքային փաստաթուղթ դառնալ: Եվ այս համատեքստում, այն «խաղաղության պայմանագիրը», որը պատրաստվում են հավանաբար մինչեւ այս տարեվերջ ստորագրել, իր հստակ տրամաբանությունն է ստանում:
Կարճ ասած, ուկրաինական պատերազմից հետո գալու է հանգուցալուծումների փուլը, իսկ պատերազմի ավարտը սարերի հետեւում չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ