- 13/04/2022
Փաշինյանը Աժ ամբիոնից խոստովանում է իր մեղքերը
«Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզանից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ». Այս մասին ապրիլի՝ 13-ին, Աժ-ում պետական բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս հարցի պատասխանն ինքս պետք է տամ ու հիմա պատրաստվում եմ դա անել։ Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի, թե՛ պարտության համար։ Բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեղադրելով հողեր հանձնելու ու այդպիսով նաև դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը և թերևս բոլոր թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է այս երկվության լուծման պահը»,- նշեց Փաշինյանը:
«Եթե ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել ինձ, պետք է ինձ մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ: Ես հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է մեղավոր եմ դրանում։ Մեղավոր եմ, որ 2018-19 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու ու մոտիկ բարեկամները մեզանից ակնկալում են, որ Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջաններն ու իջեցնեն Արցախի կարգավիճակի համար մեր նշաձողը, մեղավոր եմ, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ չճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիրաժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում․․․»,- հավելեց վարչապետը։