- 21/04/2022
Մակրոն. Լը Պենի նախաձեռնությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հանրային վայրերում հիջաբ կրելու արգելքը, որը պաշտպանում է նախագահի թեկնածու Մարին Լը Պենը, կարող է երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել։
«Ես չեմ պայքարում իսլամի դեմ, ես պայքարում եմ իսլամիստական գաղափարախոսության դեմ, որը ձգտում է պարտադրել շարիաթ կոչվող կրոնական օրենք… Ես կողմնակից եմ հասարակական վայրերում հիջաբ կրելու արգելքին», – ասել է Լը Պենը` նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնի հետ հեռուստաբանավեճի ժամանակ:
Նրա խոսքով՝ հիջաբը «իսլամիստների կողմից պարտադրված համազգեստ է»։
Մակրոնը պատասխանել է Լը Պենին` մեղադրելով. «Դուք քաղաքացիական պատերազմ կհրահրեք, եթե դա անեք… Դուք առաջարկում եք, որ Ֆրանսիան լինի աշխարհում առաջին երկիրը, որն արգելի կրոնական խորհրդանիշը հասարակական վայրերում: Սա շատ լուրջ է»,- կարծում է Ֆրանսիայի ներկայիս ղեկավարը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Ներքին գործերի նախարարության վերջնական տվյալների համաձայն՝ Մակրոնը հավաքել է ձայների 27,84%-ը, Լը Պենը՝ 23,15%-ը։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։