Ինչու էր Լավրովը գլխավորում Բայրամով-Միրզոյան հանդիպումը

Ինչու էր Լավրովը գլխավորում Բայրամով-Միրզոյան հանդիպումը

Նիկոլի հայտարարած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսված հանդիպումն (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=226747&l=am) իրեն երկար սպասել չտվեց: Դա մի կողմից իր հերթին է հաստատում ԱՄՆ պետքարտուղարության այն պնդումը, թե Հարաստան-Ադրբեջան ուղղությամբ պետք է սպասել «առաջիկա հստակ քայլերին»: Ու մյուս կողմից, նույն հանդիպումը եկավ իր հերթին հուշելու, որ ո´չ Ալիեւը եւ ո´չ էլ Նիկոլը, եթե անգամ շատ ցանկանան, կամ Վաշինգտոնը շատ «խնդրի», մոսկովյան վեկտորից շեղվելու քիչ շանսեր ունեն: Համենայնդեպս այն, որ Նիկոլի` Նիդերլանդներից վերադառնալուն զուգահեռ ՀՀ ԱԳՆ-ն տարածեց տեղեկատվություն, որ Միրզոյանը ոչ միայն Դուշանբեում` ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այլ նաեւ, որ դրան կմասնակցի նաեւ Լավրովը, գալիս է իր հերթին հուշելու, որ ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական այս գործընթացը Մոսկվայից խլելու վաշինգտոնյան փորձերը դեռ ապարդյուն են: Առավել եւս, որ Միրզոյանը Դուշանբեում հայտարարեց նաեւ, որ սահմանաձատման հանձնաժողովի (ըստ ամենայնի, այդ ֆունկցիան կիրականացնի կոմունիկացիաների հարցով փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովը) առաջին նիստը եւս Մոսկվայում է լինելու:
Նման իրավիճակի համար, ըստ որոշ փորձագիտական քննարկումների, Վաշինգտոնն ունի նաեւ «Բ» պլան: Այն է` փորձել տարածաշրջանը տանել նոր պատերազմի ուղղությամբ: Դրա համար պարզապես պետք է որ Ալիեւը վստահություն ունենա, թե` այս խառը իրավիճակում ռուսների ուժերը կարող են չբավարարել երկու ճակատով պատերազմելու համար: Գումարած դրան, որ Ռուսաստանն ու Իսրայելն ունեն հակասություններ, նաեւ Թուրքիան «փոքր եղբորը» մենակ չի թողնի: Այսինքն, այս ամենի հանրագումարում Ալիեւը կարող է ունենալ Արցախը, ապա նաեւ` Սյունիքն իրենով անելու բացառիկ հնարավորություն: Իսկ ապագայի համար, ինչպես ցույց տվեց պետքարտուղարի հետ Ալիեւի վերջին խոսակցությունը, Արեւմուտքն Ադրբեջանի համար տեսնում է Եվրոպայի էներգետիկ մատակարարի միանգամայն խոստումնալից հեռանկարը: Ալիեւը, իհարկե, կցանկանա այս խաղի մեջ մտնել: Բայց դա կարող է մահացու վտանգավոր լինել, եւ այս առումով հազիվ թե պատահական լինեին ռուսական վերլուծական լրջանակների միջոցով Մոսկվայից Ալիեւին հղված նախազգուշական մեսիջները:
Այսպես, Ստանիսլավ Տարասովն Ալիեւին նախ հիշեցրեց. «Երբ Բաքուն ակնարկում է, որ նրանք (խաղաղապահները- հեղ.) ժամանակավոր են այնտեղ, մենք կհիշենք Գյուլիստանի պայմանագիրը, Թուրքմենչայի պայմանագիրը: Մենք կհիշենք, թե սա ում հողերն է: Բաքվին խորհուրդ չեմ տալիս նման խաղեր խաղալ: Նրանք պետք է երախտապարտ լինեն իրենց ստացածի համար եւ շատ զգույշ լինեն ռուս խաղաղապահների հարցում»: Ապա Տարասովն անցավ ուղիղ զգուշացման. «Ուկրաինան արդեն խաղացել է: Պետք չէ Անդրկովկասում իրավիճակը հասցնել եռման կետի, որպեսզի Մոսկվան արթնանա, ինչպես նաեւ հայտարարի իր իրավունքները: Ղարաբաղը Ռուսական կայսրության մաս է կազմել 1813թ.-ին: Ուզես, թե չուզես, դա փաստ է: Այն ժամանակ Ադրբեջանը չկար: Սրանք այն խանություններն էին, որոնք մտնում էին Պարսկական կայսրության մեջ: Իրանի հետ բանակցություններում կարող ենք բարձրացնել հենց Ադրբեջանի գոյության կարգավիճակի հարցը…»:
Գյուլիստանի եւ Թուրքմենչայի ռուս-իրանական պայմանագրերի հիշեցումը, իհարկե, Ալիեւի համար լուրջ ազդակ է: Այդ պայմանագրերը գործող են, դրանց հիման վրա ստեղծվել է ռուս-իրանական սահմանը, որն այսօր էլ Իրանի համար հյուսիսային սահման է: Այսինքն, եթե ՌԴ-ն այդ պայմանագրերը դարձնի իրավական հիմք եւ որոշի դրանց հիման վրա վերականգնել Իրանի հետ սահմանը, առավել եւս, եթե դա անի Թեհրանի հետ պայմանավորված, իսկ հիմքում դրվի ոչ միայն ռուսական, այլ` իրանական բանակը, Ալիեւի համար կարող է անելանելի իրավիճակ ստեղծվել: Կգնա՞ նման քայլի Իրանը. Թեհրանը քանիցս հայտարարել է, որ տարածաշրջանում թյուրքական նկրտումներով սահմանային որեւէ փոփոխություն չի նախընտրի: Եվ եթե Ալիեւը հանկարծ որոշի գնալ տարածաշրջանը «պայթեցնելու» ուղղությամբ, մեծ է հավանականությունը, որ Թեհրանը եւս մեծ ուրախությամբ կհիշի Գյուլիստանի եւ Թուրքմենչայի մասին: Առավել եւս, երբ ռուս-իսրայելյան հարաբերություններն այսպես սրվում են, եւ Ալիեւի օգնող ուժերից մեկն էլ հենց Իսրայելն է` Իրանի թիվ 1 թշնամին:
Եվ այն, որ այս ամենից հետո հայտարարվում է Լավրովի մասնակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման մասին, որտեղ առանցքը, ըստ ամենայնի, կլինի «Եռակողմ ձեւաչափով» «խաղաղության պայմանագրի» հարցը` Արցախի կարգավիճակի հետագա որոշման ընդգծմամբ, ունի իր տրամաբանությունը: Ավելին, որ այդ պայմանագիրն արդեն այս ամսվա ընթացքում կարող է ներկայացվել ստորագրման: Ամեն դեպքում, Նիկոլը մայիսի 16-ին մեկնելու է Մոսկվա: Այդ օրը սպասվում է նաեւ փոխվարչապետների եռակողմ խմբի նիստը: Միգուցե Ալիեւին է՞լ են կանչելու: Մոսկվայում ՀԱՊԿ-ի նիստ է լինելու, եւ Ալիեւը կարող է այդ կառույցի հետ համագործակցության «անսպեսելի սուր նոպա» ունենալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ