• 22/06/2022

Եվրոպային սպառնում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցում. «Միջազգային էներգետիկ գործակալության» ղեկավարը

Եվրոպային սպառնում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցում. «Միջազգային էներգետիկ գործակալության» ղեկավարը

Եվրոպան պետք է շտապ պատրաստվի Ռուսաստանից բնական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը` սպառումը նվազեցնելու միջոցներ ձեռնարկելով և պահպանելով հնացող ատոմակայանները, ասել է «Միջազգային էներգետիկ գործակալության» (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը` Financial Times-ին տված հարցազրույցում:

«Եվրոպան պետք է պատրաստ լինի նրան, որ ռուսական գազն ամբողջությամբ կդադարեցվի։ Որքան մոտենում ենք ձմռանը, այնքան ավելի լավ ենք հասկանում Ռուսաստանի մտադրությունները։ Կարծում եմ, որ կրճատումներն ուղղված են Եվրոպայում պահեստարանների լիցքավորումը կանխելուն և ձմռան ամիսներին Ռուսաստանի Դաշնության ազդեցության մեծացմանը»,- ասել է Բիրոլը։

Նա նշել է, որ ածխով աշխատող հին էլեկտրակայաններ գործարկելու մի շարք երկրների որոշումները, որոնք ընդունվել են այս շաբաթ, արդարացված են էներգետիկ ճգնաժամի մասշտաբով՝ չնայած ածխածնի արտանետումների հնարավոր աճին։

Նման միջոցառումները, ըստ ՄԷԳ-ի ղեկավարի, կխնայեն գազի պաշարները ձմռան համար։ Բիրոլը հիշեցրել է, որ խնդրի իրական լուծումը դեռևս գազի մատակարարումների հնարավոր ռացիոնալացումն է։

Ավելի վաղ ՄԷԳ-ի ղեկավարը հայտնել էր, որ եվրոպական երկրները կկարողանան առանց ռուսական գազի նույնիսկ դաժան ձմռանը, եթե տների ջեռուցումը երկու աստիճանով կրճատվի։ Նրա կարծիքով, դա թույլ կտա խնայել մինչև 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը համարժեք է «Հյուսիսային հոսքով» դրա հոսքին։

Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանը կրճատել է գազի արտահանումը եվրոպական երկրներ՝ հաշվի առնելով նոր հաշվարկային համակարգով մատակարարումների վճարումը մի շարք գործընկերների՝ ռուբլով։ Մասնավորապես, Լեհաստանը, Բուլղարիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Դանիան և մասամբ Գերմանիան արդեն կորցրել են Ռուսաստանի Դաշնությունից գազ ստանալու հնարավորությունը։