• 08/09/2022

Իրանը զանգվածաբար անհայտ ապրանքներ է փոխադրում Ռուսաստան․ ուշագրավ մանրամասներ

Իրանը զանգվածաբար անհայտ ապրանքներ է փոխադրում Ռուսաստան․ ուշագրավ մանրամասներ

Իրանական բեռնատար ինքնաթիռները սկսել են զանգվածաբար ժամանել Մոսկվա։

Այս մասին հայտնի է դարձել թռիչքների ուսումնասիրման Flightradar պորտալի տվյալներից, գրում է Lenta.ru-ն։

Պորտալում հայտնվել են իրանական Iran Air պետական ​​ավիաընկերության Boeing 747-21AC փոխադրողի շարժի մասին տվյալները։ Այսպես, ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:08-ին։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին, Boeing 747-ը օդանավակայանից ուղևորվել է դեպի Իրան։

Ընդհանուր առմամբ, ըստ «Ռազմական տեղեկատուի» տելեգրամյան ալիքի, օգոստոսի 21-ից ի վեր Իրանից երեք նման թռիչք է նկատվել։ Թե ինչ բեռ է եղել իրանական ինքնաթիռներում, հայտնի չէ։

Օգոստոսի 30-ին The Washington Post-ը հայտնել էր, որ Իրանը Ռուսաստան է ուղարկել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայում։ Թեհրանը իբր Մոսկվային մատակարարել է «Մոհաջեր-6» և «Շահեդ» սերիայի սարքեր՝ հարյուրավոր այլ իրանական անօդաչու թռչող սարքերի փոխանցման համաձայնագրի շրջանակներում: Կրեմլում այդ լուրը ապատեղեկատվություն ու սուտ են անվանել։