• 13/09/2022

Ադրբեջանի ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ ՌԴ-ի դեմ. Ռուսաստանի հայերի միություն

Ադրբեջանի ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ ՌԴ-ի դեմ. Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միությունը խստորեն դատապարտել է սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հարձակումը հայկական քաղաքների և գյուղերի վրա։

«Կատարվածը պաշտոնական Բաքվի շարունակաբար մարդատյաց և գիշատիչ քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Այս անգամ կեղծավորաբար թաքնվելով «տարածաշրջանում խաղաղության» թեմայի հետևում իրականացվել է հերթական ագրեսիան՝ այժմ ինքնիշխան պետության՝ Հայաստանի դեմ», – ասված է ՌՀՄ-ի հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ օգտագործեն պետությանը հասանելի բոլոր ռեսուրսները և կոչ անեն միջազգային կառույցներին օբյեկտիվ գնահատական ​​տալ Բաքվի գործողություններին, գտնել արդյունավետ մեխանիզմներ՝ Ադրբեջանին ստիպելու քաղաքակիրթ վարք դրսեւորել:

«Մենք կարծում ենք, որ այդ ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության դեմ, որը կապված է Հայաստանի հետ պայմանագրային դաշնակցային պարտավորություններով, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։

Միությունը կոչ է արել հայրենակիցներին, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ երիտասարդության ներկայացուցիչներին, չտրվել հակառակորդի հնարավոր սադրիչ հնարքներին, ինչպես նաև նրանց սպասարկող տելեգրամ-ալիքներին և տեղեկատվության այլ կասկածելի աղբյուրներին։

ՌՀՄ-ն կոչ է արել Հայաստանի հայրենակիցներին և բարեկամներին համախմբվել հանուն անվտանգության ապահովման: