• 16/09/2022

Ինչ ցույց տվեց Պուտին-Էրդողան հանդիպման «բաց» հատվածը

Ինչ ցույց տվեց Պուտին-Էրդողան հանդիպման «բաց» հատվածը

Սամարղանդում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման «բաց» հատվածում ՌԴ նախագահը հնչեցրեց հերթական առանցքային մտքերը.

Թուրքիա ռուսական գազի մատակարարումների 25%-ը կվճարվի ռուբլով։

Թուրքիան հուսալի երթուղի է ռուսական էներգակիրների մատակարարման համար ոչ միայն իր կարիքների համար, այլ նաև Եվրամիության համար:

Մոսկվան հուսով է, որ Ուկրաինայից հացահատիկը դեռ կուղղվի ամենաաղքատ երկրներ, բայց մինչ այժմ դա չի հաջողվել:

Թուրքիայում ատոմակայանի կառուցման հետ կապված բոլոր հարցերը կարգավորվել են, երեկ ստորագրվել են փաստաթղթեր:

Միգուցե հանդիպման «փակ» հատվածում այլ դետալներ եւս կավելանան: Սակայն ասվածից արդեն իսկ հետեւյալը կարելի է տեսնել:

1- Ռուս-թուրքական հարաբերությունենրում տնտեսական գերծընկերային էական դինամիկան պաշտպանվում է: Ընդ որում, գազի 25 տոկոսի դիմաց ռուբլիով վճարելը Էրդողանի համար լուրջ օգնություն է: Դա նրան թույլ է տալիս դոլարային լուրջ խնայողություններ ունենալ, որն կենսական է Թուրքիայի համար` լիրայի փոխարժեքի կայունացման համար, որը գալիք տարվա ընտրություններին ընդառաջ նրա ամենամեծ խնդիրններից է:

2- Նույն բանի մասին է ակնարկում նաեւ թուրքական ատոմակայանի հարց: Էներգիա արտադրող նման կառույցը, այն էլ` ապագայում միայն խորանալու հույսեր ներշնչող ներկա էներգետիկ ճգնաժամում Թուրքիայի համա անգնահատելի նշանակություն ունի: Դա եւս շարժառիթ է, որ Էրդողանը ռուսների հետ հարաբերությունենրը վատթարացնել չցանկանա:

Բայց փոխարենը, այս իրավիճակում եղավ տեղեկություն, որ Էրդողանը 45 հազարանոց զորք է կենտրոնացրել Հայաստանի սահմանին: Դա առաջին հերթին սպառնալիք է ՌԴ-ին, հաշվի առնելով, որ, ի վերջո, այդ սահմանը ռուսական հսկողության տակ է: Չնայած, կա նաեւ մասնագիտական այն վարկածը, որ դա հարավային ուղղությամբ կուտակված Իրանի բանակին ուղղված պատասխան է: Իրանական ուժերը մասամբ Նախիջեւանի ուղղությամբ են գտնվում, մասամբ` Ադրբեջանի, իսկ Էրդողանը, որի զորքերը հիմնականում զբաղված են Սիրիայի եւ Հունաստանի սահմանների ուղղությամբ, այս հատվածում առկա վիճակին արձագանքելու համար, իհարկե, պետք է գոնե ռեզերվային ուժերի տեղակայեր:

Այսպիսով, սրանք ավելի նման են նախապատրաստական, եւ ոչ թե սպառնալից քայլերի, չնայած, երբ իրար դեմ լուրջ ուժեր են կանգնած, վտանգ միշտ էլ կա: Իսկ Էրդողանի հետ Պուտինի հանդիպումը, կարծես թե, ավելի շատ խոսում է ավելորդ սրացումների չգնալու տրամադրվածությունների մասին: