• 01/10/2022

Ութ ամսվա մեջ ինչ է փոխվել Քոչարյանի մոտ` Միութենական պետությանը մաս կազմելու հարցում

Ութ ամսվա մեջ ինչ է փոխվել Քոչարյանի մոտ` Միութենական պետությանը մաս կազմելու հարցում

Եթե ութ ամիս առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի մաս կազմելն, ապա հիմա չի կարծում, որ դա ճիշտ է:

Ռոբերտ Քոչարյանը դեռեւս փետրվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ՌուսաստանԲելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալուն «Իրավունքի» եւ այլ լրատվամիջոցների հնչացրած հարցադրմանն ի պատասխան ասել էր. «Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որով բոլորը հիանում են, օրինակ` Եվրամիությունը: Այն, ինչ կատարվում է այսօր այն միությունում, որը Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ, հեռու է Եվրամիության ինտեգրման աստիճանից: Իմ կարծիքով` այսօրվա աշխարհում չպետք է այսպես ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրման պրոցեսներից: Ուղղակի, պետք է նստել եւ հաշվել` ի՞նչ ես ստանում, ի՞նչ ես զիջում, շատ սառը հաշվարկ պետք է ունենաս: Դեռ այդպիսի առաջարկ չի եղել, ինձ հետ նման հարց իմ նախագահության օրոք չի քննարկվել: Մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ այն ժամանակ չենք համարել, որ սա հասունացած է: Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ, եւ կրկնում եմ` հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով` դու ինձ, ես` քեզ, այլ շատ կոնկրետ` թե ի՞նչ վտանգների առաջ ենք կանգնած, ի՞նչ սպասելիքներ ունենք մենք, կամ ի՞նչ են մեզ առաջարկում, ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք ստանում: Քանի որ չկա առաջարկ, չկա ընդհանրապես քննարկում, հիմա դժվար է գնահատել: Կլինի առաջարկ, պետք է քննարկել եւ շատ սթափ հաշվարկով մտնել կամ չմտնել նման կարգի գործընթացների մեջ: Ես տեսնում եմ մեկ բան` Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ, ու չկա այլ երկիր ՌԴ-ից բացի, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում: Ուղղակի, ուրիշ երկիր չկա: Ընդունում եմ, որ այս հարցի վերաբերյալ սա կիսապատասխան է, բայց այս վիճակում ենք այսօր»:

Այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, կա ՌուսաստանԲելառուս Միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ: Ավելին` ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ նշել էր, որ Միութենական պետությունը բաց է բոլոր այն երկրների համար, ովքեր կցանկանան մաս կազմել եւ արդեն շուրջ մեկ տարի է Հայաստանում գործում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել էր. «Այստեղ, ուղղակի, ավելացնելու բան չունեմ: Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է Հայաստանի Հանրապետությունը գտնի, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես դու գնում: Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ այս տարածաշրջանում, քո համբավը վերականգնելու, եւ այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու, ուրեմն` պետք է լուծումներ գտնես: Իսկ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակները… Կարող է լինել: Բայց այսօր դա իսկապես չկա, եւ այդ գործընթացի նախաձեռնողը պետք է լինի ՀՀ իշխանությունը: Ինքը պետք է ասի, որ այս խնդիրների լուծումը տեսնում ենք այս ճանապարհով, որի համար պետք է անել այս-այս քայլերը: Իսկ հիմա  ընդհանրապես չկա որեւէ հայացակարգ, թե մենք ի՞նչ ենք ուզում: Իսկ գիտեք, թե ինչու չկա, որովհետեւ իրենք գնում են այլ ճանապարհով, որը պոպուլյար չէ հնչեցնել, որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, եւ շատ ավելի հարմար է դրա մասին չխոսել: Բայց այդ ճանապարհով են գնում` մինչեւ հանրային կարծիք քարոզչական տարբեր մեխանիզմներով հասունացնեն` ընդունելի դարձնելով ժողովրդի համար: Այսօր այդ գործընթացի մեջ ենք, դրա համար տպավորություն է ստեղծվում, որ հայեցակարգ չկա, եւ չենք հասկանում, թե ուր ենք գնում»:

Նույն ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահին հիշեցրեցին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ մեր տարածաշրջանում միություններն առհասարակ փրկությունն են եւկարծում է, որ Հայաստանը գնալու տեղ չունի եւ միանալու է այդ միությանը: Ի վերջո, ո՞րը կլինի ճիշտ որոշում` միանա՞լ, թե՞ չմիանալ` Ռոբերտ Քոչարյանն անկեղծացավ. «Չգիտեմ էլ ինչ պետք է ասեմ Միութենական պետության մասին: Ինձ թվում է` ամեն ինչ ասել եմ: Մենք պետք է հաշվարկենք, ոչ թե ասենք` այո, մտնում ենք այս միության մեջ, այլ ասենք` մեր մտնելը ի՞նչ է նշանակելու մեզ համար: Մտնելուց հետո` հինգ տարվա, տասը տարվա կտրվածքով` ո՞ւր ենք հասնելու, ի՞նչ ենք ստանալու, եթե այդ հարցերի պատասխանը չլինի, ուղղակի ասենք` մտնում ենք, ինձ համար այդպիսի մուտքը պետության կողմից կլինի անհասկանալի: Ես ընկերներ ունեմ, օրինակ, Հունաստանում, այնտեղ լինելով մեկ անգամ հարցրի, թե դուք ի՞նչ եք ստացել Եվրամիությանն անդամակցելով: Եվ քանի որ իր մեքենան նստեցրեց եւ Հունաստանով սկսեցինք շրջել, ուր եւ ինչ ճանապարհով գնում էինք, ասում էր` սա Եվրամիության փողերով է կառուցված, սա` Եվրամիության շնորհիվ: Իսկապես տպավորիչ էր: Բալկանները` Խորվաթիան, Սլովենիան հետաքրքիր էին ինձ համար, ուղղակի, ուզում էի ավելի ծանոթանալ այդ տարածաշրջանի հետ եւ այնտեղ լինելով` ում հետ շփվում էի, ասում էին` Եվրամիության փողերով այս կառուցվեց, այն կառուցվեց: Բոլորը միանշանակ շահել են այդ միությունից, բայց մտնելուց իրենք արդեն գիտեին, թե ուր են մտնում: Իրենց միգուցե սուվերենության մի կոմպոնենտ զիջելով` իրենք ստացել են տնտեսական հզորություն եւ անվտանգության հարցերի լուծում: Սա է մոտեցումը, շատ պրագմատիկ է եւ ոչ թե երկու-երեք տարվա, այլ առնվազն 15-20 տարվա կտրվածքով` պետք է հաշվարկ արվի: Կարծում եմ` ճիշտ քաղաքականության դեպքում` այո՛, մենք այստեղ կարող ենք շահել»:

Մինչդեռ ութ ամիս անց վերադառնալով այս հարցին` սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը բոլորովին այլ դիրքերից հանդես եկավ: Նա մասնավորապես նշեց հետեւյալը. «Չեմ կարծում, որ որեւէ առիթ եմ տվել մտածելու, թե ես առաջարկում եմ Միութենական պետությանը միանալ:  Գրեթե մեկ տարի առաջ եւս, այո, անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել՝ չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը: Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ