• 27/10/2022

ԱՄՆ նավթի ռազմավարական պահուստները կտրուկ նվազել են

ԱՄՆ նավթի ռազմավարական պահուստները կտրուկ նվազել են

ԱՄՆ-ում նավթի ռազմավարական պաշարները նվազել են մինչև 401,7 մլն բարել։ Պաշարները այս մակարդակին չեն իջել 1984 թվականի մայիսից։ Ընդ արում, պետք է նաեւ հաշվի առնել, որ ներկայումս երկրում նավթի պահանջարկն անհամեմատ ավելի մեծ է, քան նույն 1984թ.-ին: Այն է` ներկա պահուստները կարող են բավարարել շատ ավելի փոքր ժա,անակահատված, քան 1984թ.-ի նույն ծավալը:

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության ամենշաբաթյա վերանայմանը։

Շնորհիվ այն բանի, որ Սպիտակ տունը պարբերաբար մեծ քանակությամբ նավթ է նետում պահուստից, հումքի պաշարները միայն վերջին մի քանի օրվա ընթացքում նվազել են 3,4 մլն բարելով կամ 0,8%-ով։ Իսկ եթե չգնա դրան, ապա ընտրությունների շեմին կարող է արձանագրվել հերթական գնային թռիչքը: Ընդ որում, սա «փակ օղակ» է. գները նվազեցնելու համար  նվազեցնում ես ռազմավարական պաշարները: Սակայն ռազմավարական պաշարների նվազման փաստը բերում է գների աճ, նորից ես ռազմավարական պաշարներից նավթ վաճառում, դրանք նվազում են, եւ կարճ ժամանակ անց նոր գնաճ, եւ այսպես շարունակ:

Ըստ վերլուծաբանների՝ Brent տեսակի նավթի գինը 2022 թվականի վերջին կկազմի 93 դոլար, 2023 թվականին այն կբարձրանա մինչև 95 դոլար մեկ բարելի դիմաց։

«Նավթի մատակարարման հնարավոր խափանումները և հում նավթի արդյունահանման սպասվածից ավելի դանդաղ աճը կարող են խթանել նավթի գները, իսկ կանխատեսվածից ավելի դանդաղ տնտեսական աճի հնարավորությունը կարող է նպաստել հումքի գների իջեցմանը», – ասում են փորձագետները:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բեն Սալման Ալ Սաուդը մեկնաբանել է իրավիճակը։

«Մարդիկ դատարկում են իրենց ռազմավարական պաշարները՝ օգտագործելով դրանք որպես շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու մեխանիզմ, երբ նրանց հիմնական նպատակը մատակարարման պակասի մեղմումն էր։ Այնպես որ, դա բոլորի ընտրությունն է: Այնուամենայնիվ, իմ պարտքն է աշխարհին տեղյակ պահել, որ առաջիկա ամիսներին ռազմավարական պահուստի կորուստը կարող է ցավագին հետեւանք ունենալ»,- ասել է նախարարը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը վիրավորվել էր այն փաստից, որ Ջո Բայդենը նավթ է ծախսում իր ստեղծած ռազմավարական պահուստից։