• 31/01/2023

Բայդենը հրաժարվել է Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարել

Բայդենը հրաժարվել է Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարել

Միացյալ Նահանգները Ուկրաինային F-16 կործանիչներ չի մատակարարի, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքերը Twitter-ում հայտնում է Bloomberg-ի Սպիտակ տան թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը։

«Ոչ», – ասել է Բայդենը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն F-16-ներ կուղարկի Ուկրաինա։

2022 թվականի ամռանը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը խոսել էր այն մասին, որ Վաշինգտոնը մտադիր չէ F-16 կործանիչներ փոխանցել Ուկրաինային։ Սակայն նոյեմբերին Bloomberg-ը գրել էր, որ դաշինքի անդամները վերադարձել են այս հարցի քննարկմանը և որոշել վերանայել իրենց դիրքորոշումը։

Այս տարվա հունվարի վերջին Politico-ն, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներսում գտնվող մի խումբ զինվորականներ Պենտագոնին մղում են հավանություն տալու F-16 կործանիչներ Ուկրաինա ուղարկելու գաղափարին։

Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին F-16 կործանիչների հնարավոր մատակարարման դիմաց կարող է ստորագրել Ռուսաստանի թիրախներին հարվածելու համար դրանք չօգտագործելու պարտավորություն։

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ Ուկրաինային զենքի մատակարարումը միայն երկարացնում է հակամարտությունը, սակայն չի ազդի «հատուկ գործողության նպատակների իրականացման վրա»։