• 01/02/2023

Թուրքիայի հարաբերություններն Արեւմուտքի հետ կտրուկ սրվում են

Թուրքիայի հարաբերություններն Արեւմուտքի հետ կտրուկ սրվում են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և դրական է գնահատել Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հնարավորությունները։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 1-ին։

«Շվեդիան չպետք է ժամանակ կորցնի: Քանի դեռ դուք թույլ եք տալիս, որ մեր սուրբ գրությունը՝ Ղուրանն այրվի, պատռվի, և այս ֆոնի վրա ձեր իրավապահները անգործության մատնվեն, մենք «այո» չենք ասի ձեր մուտքին ՆԱՏՕ։ Միաժամանակ մենք այս հարցում դրական ենք վերաբերվում Ֆինլանդիային»,- ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Սակայն Շվեդիային մերժելն ու Ֆինլանդիային «կանաչ լույս»  տալը քիչ բան  է փոխում: Բանն  այն է, որ Ֆինլանդիան ի սկզբանե ունեցել է պայման` ՆԱՏՕ մտնել Շվեդիայի հետ միասին: Հակառակ դեպքում կդառնա այս սուր իրավիճակում ՆԱՏՕ մտած միակ երկիրը, ու դժվար է ասել, թե դա հետագայում ինչ հետեւանքներ կունենա նրա համար: Ասենք, օրերս Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ավելորդ անգամ վստահեցրել է, որ Հելսինկին դեռ հույս ունի Ստոկհոլմի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու վրա։

Այսպիսով, փաստացի Թուրքիան միաժամանակ է փակում երկու երկրների ճանապարհը, ընդ որում, նաեւ ինքն իրեն միգուցե նաեւ արհեստականորեն դնելով «փակուղային» վիճակում: Բանն այն է, որ Շվեդիայում Ղուրան այրելը Էրդողանը շտապեց դարձնել շվեդների համար հերթական նախապայմանը, ու հիմա դրանից հրաժարվելու դեպքում լուրջ խնդիրներ կունենա, ավելի կոնկրետ, դավաճանի, Ալլահին ուրացողի համարում ձեք կբերի իսլամական աշխարհում: Հենց այդ հանգամանքն էլ, թերեւս, կուլիսային բանակցություններում Էրդողանը դնում է վաշինգտոնյան էմիսարների առաջ` պահանջելով Ղուրանն այրողի համար այնպիսի պատիժ, որին շվեդները չեն գնա:

Արդյունքում, պատահական չէ, որ գրեթե միաժամանակ ահաբեկչական վտանգի պատրվակով նախ` Վաշինգտոնի համար առաջամարտիկ դարձած Գերմանիան, ապա նաեւ  Նիդերլանդներն ու Բրիտանիան հայտարարեցին Ստամբուլում իրենց հյուպատոսթյունները փակելու մասին:

Եթե հաշվի  ենք առնում նաեւ փաստը, որ Էրդողանը, անգամ ԱՄՆ-ի խիստ նախազգուշացումներից հետո, գնում է Ասադի հետ բանակցությունների, ըսդ որում, այդ գործընթացում դիմելով նաեւ Իրանի օգնությանը, ապա կարելի է փաստել, որ Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերությունները, մեղմ ասած, լուրջ փորձության են ենթարկվում: Չնայած, Թուրքիայում նաեւ կոչ են անում առհասարակ ՆԱՏՕ-ից  դուրս գալ, որը նշանակում է, որ Էրդողանն առանձնապես չի էլ մտահոգված Արեւմուտքի հետ ներկա  վիճակով: Նույն Արեւմուտքի, որ բացահայտ սպառնում է նրան պաշտոնից զրկել: