• 23/03/2023

Ինչով կպատասխանի ԵՄ դիտորդական առաքելությունը

Ինչով կպատասխանի ԵՄ դիտորդական  առաքելությունը

Անցյալ տարվա սեպտեմբերյան բախումներից հետո Ադրբեջանը նվազեցրել էր  Հայաստանի սահմաններում  ահաբեկչական գործողությունների  ինտենսիվությունը: Սակայն  երեկ հայ-ադրբեջանական սահմանի  Երասխի հատվածում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից  զոհվեց  հայ զինծառայող Արշակ Սարգսյանը:  Ի զարմանս  շատերի  Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը որ եկել տեղավորվել է հայ-ադրբեջանական սահմաններում իբր թե  Ադրբեջանի  ագրսիվ գործողությունները  փաստելու եւ դրանց արձագանքնելու նպատակով,  ոչ միայն չկանխեց հայ զինվորի սպանությունը, այլ նաեւ մինչ օրս որեւէ քաղաքական  դատապարտող հայտարարություն Ադրբեջանի դեմ  չընդունեց: Էլ չենք ասում` որեւէ պատժամիջոց, որոնց մասին  բազմիցս առաջարկվել է  թե՛ ԱՄՆ-ին, թե՛ ԵՄ-ին. ի վերջո գործողություններ կատարել է պետք:

Հիմա հարց է ծագում, իսկ ընդհանրապես ինչով են զբաղված ԵՄ դիտորդները Հայաստանի սահմաններում: Ըստ որոշ տեղեկությունների  ԵՄ դիտորդական առաքելության հիմնական նպատակը   հայկական ու ադրբեջանական  զորքերի հնարավորությունները , ինչպես նաեւ ռուսներին  տարածաշրջանից դուրս մղելու ճանապարհները ուսումնասիրելն է, այդ թվում` ռազմական ուժի միջոցով: Բացի այդ, հավաքվում է մեծ ծավալի հետախուզական տեղեկատվություն Իրանի դեմ գործողություններ սկսելու տեսանկյունից:

Այսպիսով,  հայ զինվորի երեկվա սպանությունը եւ  Եվրամիության  համառ  լռությունը ավելի քան պերճախոս  ապացուցում են այն, որ Նիկոլը եվրոպացիներին բերելով  ո՛չ անվտանգային հարց լուծեց, ո՛չ էլ քաղաքական որեւէ հարց ի օգուտ Հայաստանի եւ ընդդեմ Ադրբեջանի: Այլ պարզապես  կատարեց իր տերերի  հրամանը Հայաստանի տարածքը հակառուսական եւ հակաիրանական հետախուզական գործողությունների  համար  տրամադրելու նապատակով:

Իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ը կհարցնեն Արեւմուտքի լափամանից սնվող  իբր հայ  քաղաքական գործիչները ու փորձագետները: Իսկ ՀԱՊԿ-ին թույլ չտվեցին դիտորդական, ավելին` խաղաղապահ առաքելություն ծավալելու հայ-ադրբեջանական սահմանին: Ուստի դժվար է սպասել, որ ՀԱՊԿ-ը իր  գործողություններում եւ գնահատականներում հիմնվի  հայկական  կողմի պաշտոնյաների հայտարարությունների վրա: Առավել եւս, որ հայկական կողմը  որեւէ հիմք չի տալիս  ռուսներին  անվերապահ հավատալ ՀՀ իշխանություններից հնչող ցանկացած խոսքին: Այլ կերպ կլիներ իրավիճակը, եթե հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված լինեին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը: Սակայն դա նույնպես Նիկոլի տերերը վերջինիս պարզապես արգելել են:

Հայկ Բաբուխանյան

Հ.Գ. Խորապես ցավակցում եմ  Հայաստանի սահմանները  պահպանելիս  թշնամու գնդակից զոհված Արշակ Սերյոժայի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Արշակը համալրեց հայ  զինվորների այն փառապանծ շարքը, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենիքի: Հավերժ փառք: